Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեգենդար օդաչու Ռուբեն Եսայանը 70 տարեկան է

Լեգենդար օդաչու Ռուբեն Եսայանը 70 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրում էր Երևանում մի համերաշխ ընտանիք։ Ընտանիքի հայրը՝ Թադևոս Եսայանը և նրա կինը Հայաստանում ճանաչված բժիշկներ էին։ Նրանք ջանք չէին խնայում իրենց որդուն՝ Ռուբենին նույնպես դարձնել Հիպոկրատի գործի նվիրյալ։ Տանը խոսակցության  թեման բժշկությունն էր, բժշկագիտության վերջին նվաճումները։ Ծնողները համոզված էին, որ իրենց զավակը ևս ընտրելու է բժշկի շնորհակալ մասնագիտությունը։ Բայց կար մի հանգամանք։ Տղան սովորում էր Բելինսկու անվան դպրոցում։ Այս միջնակարգը մյուսներից տարբերվում էր նրանով, որ այս դպրոցի սաներից շատերը հաճախում էին Երևանի աէրոակումբ։ Ռուբենը նրանցից մեկն էր։ Ասենք, որ այդ դպրոցի սաներից երկու տասնյակից ավելի շրջանավարտներ հետագայում դարձել են օդաչուներ։ Արդեն տասներորդ  դասարանում Ռուբենը ինքնուրույն ճախրասավառնակ  էր վարում։  Երբ եկավ ինստիտուտ ընդունվելու պահը, Ռուբենը փաստաթղթերը հանձեց  …բժշկական ինստիտուտ՝ ծնողներին չվշտացնելու համար։ Բայց նա օդաչու դառնալու մտքից չէր հրաժարվել։ Հուրախություն ծնողների, տղան հաջողությամբ հանձնում է քննությունները և ընդունվում է բժշկականն ինստիտուտ։

Երազում, թե արթմնի, բժշկական ինստիտուտի ուսանող Ռուբեն Եսայանն իրեն տեսնում էր ինքնաթիռի ղեկի մոտ, օդում ճախրելիս։ Նա շատ լավ էր հասկանում, որ բժշկությունն իր կոչում չէ ։ Սեմեստրի կեսից նա հայտնվում է Մերձմոսկովյան Սասովո քաղաքի օդաչուական ուսումնարանում։ 

Այստեղ լիովին դրսևորվում են ապագա օդաչուի նրա ունակությունները։ Պետք եկան Երևանի աէրոակումբում ստացած գիտելիքները։ 1968 թվականին գերազանցությամբ ավարտելով ուսումնարանը, Ռուբեն Եսայանը գործուղվում է Երևան՝ Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն։ Այստեղ նա աշխատեց 13 տարի։

Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությունում աշխատելու տարիներին նա գործուղվում  է Անգոլա, որտեղ և ոչ միայն այնտեղ,  բավականին բարձր էր հայ օդաչուների վարկանիշը։ Բավական է ասել, որ այդ երկրի նախագահի  անձնական օդաչուն երևանցի Միքայել Ալոյանն էր։ Ռուբեն Եսայանին վստահվում է երկրի պաշպանության նախարարի անձնական օդաչուի պատասխանատու պաշտոնը։ Այդ տարիներին երկրում քաղաքացիական կռիվներ էին գնում, և յուրաքանչյուր թռիչք կարող էր վերջինը լինել, քանի որ ընդդիմադիր ուժերը պարզապես որս էին կազմակերպում կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների  ինքնաթիռների նկատմամբ։ 1983 թվականի օրերից մի օր Ռուբեն Եսայանն իր ՅԱԿ-40 ինքնաթիռով ինչ-որ վայր պիտի հասցներ կուբացի մասնագետների պատվիրակությանը։ Ինքնաթիռը դեռ չէր էլ հասցրել բարձրություն հավաքել, երբ հակառակորդի արձակած հրթիռը դիպավ աջ շարժիչին և հրդեհ սկսվեց։ Հրամանատարը ընդամենը մի քանի վայրկյան ուներ ճիշտ որոշում կայացնելու համար։ Եվ նա ինքնաթիռն ուղղեց օդանավակայան։ Փառք Աստծո, որ դեռ չէին հասցրել հեռանալ օդանավակայանի տարածքից։ Շնորհիվ հայ օդաչուի բարձր պրոֆեսիոնալիզմի  Ռուբեն Եսայանին հաջողվում է փրկել թե կուբացի մասնագետների կյանքը, թե ինքնաթիռը։

Այս սխրանքի համար Ռուբեն Եսայանը ստացավ իր առաջին պետական պարգևը՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը։ Դա , իհարկե, Անգոլայից վերադառնալուց հետո էր, 1985 թվականին։

Անգոլայում երեք տարի աշխատելուց հետո Ռուբեն Եսայանը վերադառնում է Երևան և նշանակվում է Քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուական-շտուրմանական բաժնի  պետ։ Իսկ դա ինչ-որ առումով սահմանափակում էր օդաչուի պրակտիկ  գործունեությունը։ Դա ամենևին էլ սավառնելու համար ծնված  մարդու սրտովը չէր։ Ահա թե ինչու գրեթե երկուսուկես տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո  Ռուբեն Եսայանը դիմում է գրում և ազատվում է աշխատանքից։

Ընդամենը մի քանի օր հետո,1987 թվականի հունվարին, Ռուբեն Եսայանը դարձավ Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու։ Առաջին կարգի օդաչուն կարծես իր գործունեությունը սկսեց զրոյից, քանի որ փորձարկող օդաչուից պահանջվում են բոլորովին այլ որակներ ևս։

Ռուբենն աստվածատուր շնորհ ուներ և շուտ յուրացրեց նոր մասնագիտությունը։ Ավելին, նա շատ շուտով  դարձավ ավիաջոկատի առաջատար փորձարկողներից  մեկը, ջոկատի հրամանատարի տեղակալը։ Ռուբեն Եսայանին է հանձնարարվում իրագործել ամենաբարդ փորձնական թռիչքները։ Նրա ձեռքի տակով են անցել այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են ԻԼ-96Տ, ԻԼ-96-3ՕՕ, ԻԼ-114- 100, ԻԼ-76-ՄՖ, Իլ-96ՄՕ, ԲԵ-200, ՏՈՒ-334 -100  և էլի ռուսական մի քանի այլ ինքնաթիռներ։

Փորձարկող օդաչուները թռիչքներ են գործում ոչ միայն բոլորովին նոր ինքնաթիռներով։ Երբեմն նրանք կատարում  են նաև թռիչքներ, որոնց նպատակն է վերարտադրել այն իրավիճակները, որոնց արդյունքում այս կամ այն մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել։Մասնավորապես, Ռուբեն Եսայանին էր հանձնարարված օգնել պարզելու, թե ինչո՞ւ էին  1989 թվականին Կրասնովոդսկում և Հալեպում, ինչպես նաև 1996 թվականին Խաբարովսկում վթարի ենթարկվել ՏՈՒ-154 ինքնաթիռները։ Փորձառու Եսայանին հաջողվել էր հանգամանորեն ուսումնասիրել վթարի պատճառները։

Մենք վերը նշեցինք, որ 1983 թվականին շնորհիվ Ռուբեն Եսայանի հմտության Անգոլայում  ՅԱԿ-40 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց։ Նման մի  դեպք էլ տեղի ունեցավ  նաև 1996-ին, երբ նրա վարած ԱՆ-12  ծանր  բեռնատար ինքնաթիռի  շարժիչներից մեկը հանկարծ օդում սկսեց այրվել։ Փորձառու օդաչուն, հանդես բերելով սառնասրտություն,  հերոսաբար ինքնաթիռը  կարողացավ «սահեցնել» դեպի ներքև, դրանով իսկ  թույլ չտալով, որ կրակը հասնի մյուս շարժիչներին։

Երեք տարի, 2001-2004 թվականներին Ռուբեն  Եսայանին էր հանձնարարվում  փորձարկել Տագանրոգի Գ. Բերիևի անվան ավիացիոն գիտատեխնիկական    համալիրում ստեղծված ԲԵ-200 ինքնաթիռը։ Այդ ինքնաթիռ-ամֆիբիան կիրառվում է հրդեհների դեմ պայքարում։ Նրա փորձարարական փուլերից մեկն անցկացվել է Հայաստանում։ Ռուբեն  Եսայանի վարած ինքնաթիռը ազատորեն ճախրում էր  Գեղամա լեռների արանքով և նստում Սևանա լճում։  Ինքնաթիռը սահելով լճի մակերեսով, ընդամենը 14 վայրկյանում հավաքում էր 12 տոննա ջուր և թռչում հրդեհը հանգցնելու։ Ասենք, որ այդքան ջուր հավաքելու համար նրան հարկավոր է  ջրի վրայով սահելու ընդամենը մեկ կիլոմետր ։

Ռուբեն Եսայանը պրպտող մարդ է։  Նա չի կարող հանգիստ մնալ, մինչև հերթական ինքնաթիռի փորձարկումը։ 2001 թվականին նրա նախաձեռնությամբ վերսկսվեցին ռուսական ինքնաթիռների թռիչքները Հարավային բևեռ, կոնկրետ Անտարկտիդայի Նովոլազերևսկայի կայան։։ Հասկանալի է, որ Անտարկտիդայում ծանր ինքնաթիռների վայրէջք կատարելը հեշտ գործ չի։ Հավերժական սառույցը օդանավակայանի բետոնակուռ վազքուղի չի։ Ռուբեն Եսայանի ռիսկի է դիմում և աշխարհում առաջինը ծանր ԻԼ-76 ինքնաթիռը նստեցրեց սառցե «օդանավակայանում»։ Դրանից հետո նա քսանից ավելի թռիչքներ գործեց այդ երթուղով՝ ռուս գիտնականներին հասցնելով հավերժական սառցի պայմաններում  ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ բեռներ։

 Ռուսաստանի Դաշնության կառավարությունը բարձր է գնահատել մեր հայրենակցի  ծառայությունները։ 1999 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր փորձարկող օդաչուի պատվավոր կոչում, ապա 2006թ․նաև՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի բարձր կոչում։                      

Այսօր էլ, Եսայանը հավատարիմ է մնում իր առաքելությանը, և իր փորձը փոխանցում է այլոց՝ ղեկավարելով Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի թռիչքափորձարարական կենտրոնը։

Թող նրա բոլոր թռիչքները փափուկ վայրէջք ունենան։ 

Լևոն Ազրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am