Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կուսումնասիրի Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կուսումնասիրի Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հատուկ զեկուցող Դևիդ Քայեն այս շաբաթ առաջին անգամ պաշտոնական այց կիրականացնի Թուրքիա` ուսումնասիրելու երկրում մտքի և խոսքի ազատության իրավունքի վիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Թուրքիան ներկայում առերեսվում է մի շարք մարտահրավերների: Հուլիսին ռազմական հեղաշրջման փորձը քննադատության արժանացավ Թուրքիայի քաղաքական ոլորտում գործող մի շարք անհատների կողմից: Դա բացահայտ հարձակում էր ժողովրդավարական ինստիտուտների և կառավարության վրա: Այդուհանդերձ, թե՛ հեղաշրջումից առաջ, թե՛ դրանից հետո սպառնալիքի տակ շարունակեցին մնալ քննադատական ձայները, ակադեմիկոսները, լրագրողները, իրավաբաններն ու քաղաքացիական հասարակության այլ անձինք: Այս ամենն այն հիմնական խնդիրներն են, որ ես ուսումնասիրելու եմ իմ այցի շրջանակում»,- ասել է Քայեն:

Նա կարևորել է այցը մեդիայի անկախության և լրագրողների, ակտիվիստների անվտանգության վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություն հավաքելու տեսանկյունից:

Դևիդ Քայեն Թուրքիայում հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հետ, քննարկումներ կանցկացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այցի արդյունքներով նա կպատրաստի զեկույց Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am