Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է զինծառայողների պլանային փոխարինումը
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զորացրվող զինծառայողների պլանային փոխարինումը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուսումնական կենտրոններից ու զորամասերից ժամանած զինվորականներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, ընթացիկ տարում պլանավորվում Է փոխարինել զորակոչով ծառայություն անցնող շուրջ 1,5 հազար զինվորների ու սերժանտների: Հայաստանից զինծառայողների տեղափոխումը եւ հանրապետություն նրանց ժամանումը կատարվում Է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Մինվոդիի, Սամարայի, Եկատերինբուրգի եւ Նովոսիբիրսկի հիմնական օդանավակայանների քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների օգտագործմամբ:
Ռազմակայան փոխարինելու ժամանող զինծառայողների մեծամասնությունը պատրաստված մասնագետներ են եւ նշանակվում են կապավորների, հետախույզների, կինոլոգների, սակրավորների, դիպուկահարների, հակաօդային պաշտպանության միջոցների օպերատորների պաշտոնում:
2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի արդյունքներով՝ ժամանած զինծառայողների կեսից ավելին ուներ բարձրագույն եւ միջնակարգ տեխնիկական կրթություն, ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի վարման ու կառավարման հմտություններ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում