Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընդդիմությունը հին դեմքերով, արդեն երգած երգերով չի կարող ընտրազանգվածը մեծացնել. քաղաքագետ

Ընդդիմությունը հին դեմքերով, արդեն երգած երգերով չի կարող ընտրազանգվածը մեծացնել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական դաշտում բավական ակտիվ գործընթաց է ընթանում և այն նոր թափ է ստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանն` անդրադառնալով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին:

-Պարոն Քեռյան, 2018 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական դաշտում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:

-Քանի որ ապագա խորհրդարանն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որը նպաստում է բազմակուսակցության զարգացմանը, հետևաբար մենք նոր ընտրություններին կտենսնենք ավելի մեծ թվով կուսակցությունների մասնակցություն: Կլինեն և' նոր կուսակցություններ, և' քաղաքական ուժեր, որոնք նախորդ խորհրդարանականին չեն մասնակցել: Նորաստեղծ կուսակցությունների մասով դժվար է ասել, թե ովքեր կհաղթահարեն անցողիկ շեմը, դա, թերևս, ցույց կտան ընտրություններից առաջ` մեկ, երկու ամսվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները: Ամեն դեպքում նոր կուսակցությունների թվաքանակի ավելացման ականատես կլինենք:

Մյուս հավանական զարգացումն այն է, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր կարող են կորցնել իրենց դիրքը: Նրանք պետք է շատ լուրջ մտածեն իրենց անելիքների մասին Ազգային ժողովում մնալու առումով: Խոսքը Ժառանգության, ՀԱԿ-ի մասին է: Նրանք շատ լրջագույն ընտրարշավ պետք է իրականացնեն: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին ու «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, ապա այս դեպքում իրենք ռեսուրսներ ունեն և հավանականությունը մի փոքր շատ է, որ կկարողանան մտնել խորհրդարան:

Առաջիկայում հնարավոր է որոշ քաղաքական գործիչների շուրջ դաշինքների ստեղծման գործընթաց: Կանախատեսում եմ, որ այն քաղաքական գործիչները, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքական կյանքում, վերադառնալու դեպքում հնարավոր է նրանց շուրջ ձևավորվեն դաշինքներ: Չի բացառվում, որ նոր ստեղծվող կուսակցություններն էլ այդ դաշինքների մեջ մտնեն: Այնպես որ, Հայաստանի ներքաղաքական դաշտում բավական ակտիվ գործընթաց է ընթանում, և այն նոր թափ է ստանում:

-Դուք նշեցիք, որ ականտես կլինենք նոր քաղաքական ուժերի ի հայտ գալուն: Ձեր կարծիքով, դրանով ավելի շատ ներքաղաքական դաշտին նոր շո՞ւնչ կհաղորդվի, թե միմյանց խանգարելու հանգամանքն էլ կա:

-Բոլոր նրանք, ովքեր նոր կուսակցություն են ստեղծում, դա անում են այն ակնկալիքով, որ հին կուսակցությունները հեղինակազրկվել են, դաշտն ազատ է, կարելի է մտնել և հաղթահարել ընտրաշեմը: Մյուս հանգամանքն այն է, որ այդ նոր կուսակցության հիմնադիրները չեն կարող իրենց գործունեությունը ծավալել հին քաղաքական ուժերի շրջանակներում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը: Քաղաքականությունից դուրս չգալու և գործընթացներին ակտիվ մասնակցելու համար գնացին նոր կուսակցություններ ստեղծելու ճանապարհով: Այնպես որ, ներքաղաքական դաշտի խայտաբղետությունը լուրջ քաղաքական հաճույք կպատճառի:

-Ամեն դեպքում այս վերադասավորումների, նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու դեպքում ներքաղաքական դաշտի առողջացում ակնկալվո՞ւմ է:

-Եթե առողջացում ասելով հասկանում ենք, այն որ նախկին քաղաքական ուժերն իրենց սպառել են, այլևս չեն կարող իրենց ընտրողների շահերը ներկայացնել և նոր ուժեր են գալիս դա անելու, ապա գուցե լինի առողջացում: Բայց եթե մենք դրա տակ հասկանում ենք, որ նախկին քաղաքական կուսակցություններն այլևս անելիք չունեն, նորերը պետք է մնան, ապա այստեղ պետք է երկմտենք, որովհետև ամեն դեպքում քաղաքական դաշտում խոսք ասելու համար ռեսուրս է պետք: Միայն ծրագիրը, վերամբարձ խոսքերը, գեղեցիկ մտքերը դեռևս չեն կարող խոսել առողջացման մասին: Քաղաքական կուսակցության մասին չի կարելի դատել թղթով, կանոնադրությամբ, այլ պետք է դատել գործով:

-Պարոն Քեռյան, տեսնում ենք, որ իշխող ուժը բավական ակտիվ պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Ակտիվ փոփոխությունների է գնում, հասարակության շրջանում որոշ անցանկալի գորիչներից է ազատվում: Ընդդիմության դաշտում ի՞նչ է տեղի ունենում: Ի վերջո հասկանում ենք, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ կուսակցութուն ստեղծելով, դժվար թե, լուրջ ակնկալիքներ լինեն:

-Ընդդիմության խնդիրն ավելի բարդ է: Եթե իշխանությունը հնարավորություն ունի կադրային փոփոխություն անելով իր վարկանիշը բարձրացնել, ապա ընդդիմությունը նման կադրային քաղաքականության ձևով իր իմիջը բարձրացնելու հնարավորություն չունի: Ընդդիմությունը պետք է իր ծրագրերը թարմացնի` ակնկալելով, որ կընդլայնվի ընտարազանգվածը: Մարդկանց համար ծրագիրն արդեն իր իմաստը կորցրել է, մարդիկ չեն հավատում նրան, ինչ գրված է ծրագրում, չեն հավատում այն ամենին, ինչ ասվում է նախընտրական ծրագրում: Այս տարիների ընթացքում որևէ քաղաքական ուժ պատասխանատվություն չկրեց իր ծրագրի կատարման կամ չկատարման համար: Մեր քաղաքական մշակույթը չհասավ այն մակարդակի, որ մենք հաշվետվություն պահանջենք ոչ միայն իշխող քաղաքական ուժից, այլև ընդդիմութունից: Քանի որ դա չկա, լիդերները շատ շուտ մոռանում են այն, ինչ ասել են նախկինում:

Ի՞նչ կարող են անել նորաստեղծ կուսակցությունները: Դրանք կարող են, թարմ դեմք բերելով, հասարակության շրջանում հետաքրքրություն առաջացնել: Օրինակ ինչպես «Լուսավոր Հայաստան»-ը Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ: Նա բավական թարմ դեմք է, և տեսանք, թե ինչ քաղաքական ցնցում առաջացավ Վանաձորի ընտրություններում: Եթե հիմա քաղաքական դաշտ առաջ քաշվեն նոր դեմքեր, և նրանք կարողնանան իրենց խոսքն ասել, ներկայանան նոր ծրագրով, անբասիր վարքագծով, ապա կարող են հույս առաջացնել հասաակության շրջանում: Դա կարող է ընդդիմության համար լուրջ լծակ լինել: Թե չէ հին դեմքերով, արդեն երգած երգերով ընդդիմությունը չի կարող ընտրազանգվածը մեծացնել:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am