Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պոլսո պատրիարքի ընտրության որոշումը լարվածությունը թուլացնելու փորձ է. թուրքագետ

Պոլսո պատրիարքի ընտրության որոշումը լարվածությունը թուլացնելու փորձ է. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո պատրիարքի ընտրությունը պատմական չէ, ինչպես արդեն այն որակել են որոշ փորձագետներ, այլ բնականոն գործընթաց է, որը պետք է արվեր վաղուց: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Եկեղեցական բարձրագույն մարմինը որոշել է դիմել թուրքական իշխանություններին անցկացնել պատրիարքի ընտրություններ, այնինչ դա կարելի էր անել վաղուց: Ընտրության գործընթացի անհարկի ձգձգումը ոչ մի հիմնավորվածություն չի կարող ունենալ: Գահակալ Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակի վատացումը նոր չէ:  Գահակալ Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությամբ ստեղծված իրավիճակը մի քանի տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում` 2008 թվականից,  համայնքը ղեկավարում էր պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը: Նա, ցավոք, այս կառավարման տարիներին ոչ միայն չլուծեց համայնքային տարբեր խնդիրներ, այլև նորանոր խնդիրներ ի հայտ եկան»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի հայությունը չունի այլ կազմակերպչական, կառավարման մարմին: Միակ մարմինը, որ կարող է հայության շահերը ներկայացնել թուրքական իշխանական ատյաններում, Պոլսո Հայոց պատրիարքությունն է: Պատրիարքն էլ, ըստ Ռուբեն Մելքոնյանի, համարվում է առաջնորդ: Ըստ նրա` պատրիարքի ընտրությունը ոչ միայն հոգևոր, եկեղեցական խնդիր է, այստեղ ավելի շատ կազմակերպչական հարց կա, որը վերաբերում է Թուրքիայի հայությանը:

«Այս տարիների ընթացքում համայնքի ու պատրիարքության միջև անջրպետ առաջացավ: Համայնքը հեռացավ իր կառավարման միակ օղակից, խզում տեղի ունեցավ: Արամ Աթեշյանը նաև իր գործունեությամբ առաջացրեց հայության լայն շերտերի որոշակի բացասական վերաբերմունքը»,-հավելեց թուրքագետը:

Ինչո՞ւ ներկա փուլում պատրիարքի ընտրության մասին որոշում կայացվեց: Հարցին ի պատասխան՝ թուրքագետը նշեց, որ երկու պատճառ կա: Առաջինը՝ Մայր Աթոռի հորդորներն են ընտրությունների անցկացման վերաբերյալ: Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Բունդեսթագի հայտնի որոշումից հետո Աթեշյանի արձագանքն էր, որն արթնացրեց հայության զայրույթը:

«Այն ճնշումը, որ եղավ Հայաստանում, Սփյուռքում, կարծում եմ, պատրիարքի ընտրական գործընթաց սկսելու պատճառ դարձավ: Սա լարվածությունը որոշակի թուլացնելու փորձ է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը` հիշեցնելով, որ Արամ Աթեշյանը քանիցս հայտարարել է, որ դիմելու է թուրքական իշխանություններին ընտրություն անցկացնելու համար, սակայն չի դիմել:

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել` դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am