Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը պաշտոնապես մերժել է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի գործողություններին

Իրաքի վարչապետը պաշտոնապես մերժել է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի 
գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ հանդիպումից հետո մերժել է Մոսուլի գործողություններին Թուրքիայի մասնակցության առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

«Ես գիտեմ, որ թուրքերը ցանկանում են մասնակցել: Մենք նրանց ասում ենք շնորհակալություն, սակայն դա մի բան է, որն իրաքցիները կարող են ինքնուրույն անել: Եթե օգնության կարիք լինի, մենք կխնդրենք Թուրքիային կամ այլ տարածաշրջանային երկրի»,- ասել է Աբադին Քարթերի հետ ճանապարհորդող լրագրողներին:

Ավելի վաղ Անկարա կատարած այցի ժամանակ Քարթերը հայտնել էր, թե կա համաձայնություն Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ: Այդուհանդերձ, ակնկալվում էր, որ թուրքական կողմի մասնակցության հարցը վերջնական պետք է քննարկվի Բաղդադում: Իրաքի վարչապետի նման հայտարարությունը ենթադրում է, որ առաջիկայում Մոսուլի ազատագրման գործողություններին թուրքական կողմի մասնակցությունը հնարավոր չի լինի:

Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքական կողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:

Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունը խնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի  6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից պահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայության անօրինականության հետ:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am