Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը ամենաբարձր մակարդակով իրականացնում են մարտական խնդիրները

Հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը ամենաբարձր մակարդակով 
իրականացնում են մարտական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերն ու զրահատանկային ծառայությունը պատրաստ են ամենաբարձ մակարդակով իրականացնել իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ պատերազմի դաշտում, մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ծանր տեխնիկայի գործողությունները, սակայն կադրից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր ապահովում են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները:

«Զրահատանկային ծառայությունը դժվարին ճանապարհ է անցել: Խորհրդային ժամանակաշրջանի փլուզումից հետո մեզ բաժին հասավ, կես կատակ ասած, ինն ու կես տանկ: Հիմնական համալրումը եղավ հակառակորդից առգրավված տեխնիկայի հաշվին: Մինչև 1994 թվականը, 70 տոկոս զրահատանկային տեխնիկան առգրավված էր հակառակորդից»,-ասաց Զորայր Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այս տարիների գլխավոր ձեռքբերումը զրահատեխնիկական համապարփակ համակարգի ստեղծումն է: Զորայր Գաբրիելյանը նշեց, որ աշխատանք է տարվում գիտական արտադրական հիմնարկների հետ` ներկայացնելու այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացնել տեխնիկան: Վերջին տարիներին սկսվել են նաև տանկերի արդիականացման աշխատանքները: Հիմնական շեշտը դրվում է տեղական ուժերի վրա` համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Ոչ պակաս բարձր մակարդակի վրա է հրթիռահրետանային զորքերի պատրաստվածությունը: Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ Արտավազդ Յաղմուրյանը նշեց, որ հրթիռահրետանային զորքերի համար անցած 24 տարին դժվարին էր,  բայց արդյունավետ:

«1992 թվականին պարտադրված մարտական գործողությունների ընթացքում, սակավաթիվ միջոցների շուրջ հավաքվեցին փորձառու հրետանավորները: Նրանք դժվարին մարտերի ընթացքում իրենց առջև դրված խնդիրը պատվով կատարեցին, հակառակորդին ստիպեցին ծնկի գալ: Այդ դժվարին ժամանակաշրջանում ձևավորվեց  զորատեսակը, մասնագետները կրթվեցին տարբեր երկրներում, և այսօր ունենք հմուտ հրետանավորներ: 24 տարիների ընթացքում ստեղծած, կատարելագործած զորատեսակն ապրիլյան գործողությունների ժամանակ գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը: Նա ընդգծեց, որ երիտասարդ սերունդը կարողացավ հմուտ գործել, կարողացավ հակառակորդին ստիպել հետ կանգնել իր ծրագրից: Հրետանավորները կարողացան դիպուկ կրակով լռեցնել հակառակորդին:

«Այդ օրերին, երբ հրթիռային զորատեսակները բերվեցին մարտական բարձր աստիճանի, դա ևս գործոն դարձավ հակառակորդին ստիպելու հրաժարվել մարտական գործողություններից: Հայկական բանակը, ճնշելով հակառակորդին, ստիպեց խնդրել հրադադար»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:

Նա ընդգծեց, որ այսօր զինվորները պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Զորատեսակը համալրված է արդի միջոցներով, բարձր պատրաստվածություն ունեցող արհեստավարժ անձնակազմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am