Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շարմազանովը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է բարեփոխումների և նոր մտածողության անհրաժեշտություն

 Շարմազանովը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է բարեփոխումների և նոր 
մտածողության անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսօրվա տիրող իրավիճակը մեզ չի բավարարում, մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Հատուկ ընդգծում եմ, ոչ թե փոփոխություններ, այլ բարեփոխումներ, որովհետև փոփոխությունները չեն կարող միշտ բարեփոխում համարվել: Շատ կարևոր է, որ կառավարության ծրագրում նախանշված է՝ բարեփոխումները պետք է սկսվեն կառավարությունից, որովհետև եթե մենք չենք տեսնում մեր աչքի փուշը, մենք չենք կարողանալու մեր ընդդիմադիր գործընկերներին ցույց տալ իրենց աչքի փուշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն իր ելույթը շարունակեց Ալբերտ էյնշտեյնի հետևյալ խոսքերով. «Մեզ պետք է նոր մտածողություն, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք հին մտածողության արդյունք են»: «Այո, մեզ պետք է նոր մտածողություն, որտեղ չեն լինի արտոնյալներ և սովորական քաղաքացիներ, պաշտպանվածներ և չպաշտպանվածներ: Եվ  այս ամենը պետք է լինի հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ կառավարության ծրագիրը նախատեսված է առաջիկա 6 ամսվա համար, քանի որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելու է նոր կառավարություն, լինելու է նոր ծրագիր, որը հաստատելու է արդեն նոր խորհրդարանը: Սակայն նա նկատեց, որ կառավարության ներկայացրած ծրագրում կա նաև ապագային միտված ռազմավարություն:

Շարմազանովը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել կառավարության ծրագրին: Ավարտելով ելույթը՝ նա մեջբերեց միջնադարի խոշորագույն աստվածաբան Ֆրանցիսկոսի հետևյալ խոսքերը և ընդգծեց, որ կցանկանար, որպեսզի տարիներ անց հանդիպելուց նայեն միմյանց աչքերի մեջ և ասեն այդ խոսքերը. «Որտեղ կար անհամաձայնություն, մենք հասել ենք ներդաշնակության, որտեղ կար սխալ, մենք հասել ենք ճշմարտության, որտեղ կար կասկած, մենք հասել ենք հավատի, որտեղ կար հուսահատություն, մենք հասել ենք հույսի, որտեղ կար ատելություն և չարություն, մենք հաղթահարել ենք սիրով»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am