Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանը միջազգային ցուցահանդեսներին ներկայանում է դիվերսիֆիկացված զբոսաշրջությամբ

Հայաստանը միջազգային  ցուցահանդեսներին ներկայանում է դիվերսիֆիկացված զբոսաշրջությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի Լոնդոնում նոյեմբերի 7-9-ը կայանալիք «World Travel Market» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսին մասնակցելու են համաշխարհային զբոսաշրջության ոլորտի ավելի քան 50 հազար ներկայացուցիչներ աշխարհի 182 երկրներից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, վերջին շրջանում զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանը ներկայանում է դիվերսիֆիկացված զբոսաշրջությամբ:

«Զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին մենք ներկայացնում ենք մեր ամբողջ պոտենցիալը: Ներկայացնելու շատ բան ունենք` ձմեռային, էկո, գյուղական, ագրո, վերջին շրջանում արդեն արկածային զբոսաշրջություն: Առանձին տեղ է հատկացվում խոհանոցին, մենք ունենք հրաշալի խոհանոց, մեր հյուրերը պարզապես հիացած են, դժվարանում են խոսքեր գտնել մեր բազմազան խոհանոցի մասին: Որպես առանձին արտադրանք աչքի է ընկնում միջոցառումային զբոսաշրջությունը: Գինու փառատոնին մասնակցող դրսի հյուրերը բավական տպավորված են լինում: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, տնօրենը հատուկ անդրադառնում են միջոցառումային զբոսաշրջությանը` համարելով այն հետաքրքրիր զբոսաշրջային արդյունք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, զբոսաշրջիկները շատ տպավորված են Հայաստանի պատմությամբ, մշակույթով, եկեղեցիներով, կրոնական զբոսաշրջության հնարավորություններով: Նա նշեց, որ վերջերս Հայաստան ժամանած հյուրերը, երբ այցելեցին վանական համալիներ, պարզապես չէին ցանկանում այնտեղից դուրս գալ:

«Դրանից բացի, կրոնական տուրիզմի զարգացման էական ներուժ ունենք` շեշտը դնելով ուխտագնացության վրա: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում: Հռոմի պապը, երբ եկավ Հայաստան, նա ասաց, որ սա ոչ թե պաշտոնական այց է այլ ուխտագնացություն աշխարհում առաջին քրիստոնյա երկիր: Սա խոսում է նրա մասին, որ մենք իրականում ունենք այդ պոտենցիալը: Այս տարվա պետական ծրագրով նախատեսված է հանդիպում շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու այն նախադրյալները, որոնք զբոսաշրջության ոլորտի զարգացման հետագա քայլերը արդյունավետ հիմքերի վրա կդնեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Աշխատանք է տարվում տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների ձևավորման ուղղությամբ: Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ այդ հարցով Իրանի հետ արդեն կա պայմանավորվածություն: Այս տարի նախատեսված է կազմակերպել Իրանից Հայաստան լրագրողների ճանաչողական այց: Դրանից բացի, Իրանի հետ քննարկվում է կազմակերպել Իրան-Հայաստան ճանաչողական այց օտարեկրյա լրագրողների համար, որպեսզի միասնական փաթեթով ներկայանան: Արդեն տուրիստական ընկերությունները սկսել են աշխատել այդ ուղղությամբ:

Հայաստանը մասնակցում է տարեկան առնվազն 5 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մասնակցում է նաև Արցախը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am