Գողթում կառուցվում են բուժամբուլատորիա և դեղատուն, լուծվում են ենթակառուցվածքների խնդիրներ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գողթ համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Գաբրիելյանը դեռ նախընտրական քարոզարշավից առաջ էր լուծել բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ: Իսկ այժմ նրա նախաձեռնությամբ ընթացքի մեջ են Գողթի բուժամբուլատորիայի և դեղատան կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Գաբրիելյանը նշեց, որ միևնույն է, անկախ ընտրություններից, անելու էին այս գործերը, դրանք չպետք է կապել իրար հետ:
«Ես ու իմ ընտանիքը միշտ փորձել ենք ինչ-որ ներդրում ունենալ համայնքի կարիքների լուծման, զարգացման մեջ. այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ ենք տարել և տանում ենք: Այս ընթացքում նաև գերեզմանոց տանող ճանապարհն ենք վերանորոգել, ջուր ենք անցկացրել: Մեր ներդրումն ունենք նաև «Երիտասարդական միության» կազմավորման մեջ, որն արդեն սկսել է իր գործունեությունը, ցանկանում եմ արդյունավետ ընթացք: Հուսով եմ այդ կառույցը կկարողանա բարեհաջող լուծել իր առջև դրված խնդիրները, նպատակները»,- շեշտեց Կարեն Գաբրիելյանը: Նրա խոսքով` միշտ էլ կգտնվեն միջոցներ՝ ծրագրերը իրականացնելու համար, որոնք կարող են լինել թե պետական բյուջեի, թե բարեգործական ներդրումների և թե սեփական միջոցների հաշվին:
Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնում աշխատել երիտասարդներին հուզող հարցերի շուրջ, որպեսզի ստեղծվեն պայմաններ` համայնքում նրանց ակտիվ դերակատարության համար: Եվ ինչպես ինքն է ասում, կապ չունի նա կընտրվի թե ոչ, ինքը միշտ պատրաստ է իր հնարավորությունների չափով օգնել համայնքի կայացմանը: «Իմ կողքին իմ ընտանիքն է, ինձ հենարան գողթեցիներն են, որոնք մեծ թիվ են կազմում»,- ասաց Կարեն Գաբրիելյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում