Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից. այց ռազմական համալսարան

Հայաստանում հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից. այց 
ռազմական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 108 մանկապարտեզի մանուկները զինվորին վայել երթով, շարք կազմած, մտան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Երեխաները եկել էին ծանոթանալու հայ զինվորի, քաջասիրտ հայ մարտիկի զինվորական առօրյային:

Մանուկների հայրենասիրական մուտքը ռազմական համալսարան, ստիպեց նրանց դիմավորող սպաներին ևս մեկ անգամ ոգեշնչվելու և վստահ լինելու, որ հայրենիքը պաշտպանելու իրենց սուրբ առաքելությունը անարդյունք չէ: Մանկապարտեզի սաները եկել էին հավատացնելու, որ իրենք են լինելու իրենց ավագ եղբայրների, հայրերի ու պապերի գործի շարունակողները:

Թերևս միայն գովեստի է արժանի մանկապարտեզի տնօրինության և Վազգեն Սարգսյանի համալսարանի հրամանատարության համատեղ համագործակցության արդյունքում կյանքի կոչված այս գաղափարը: Գաղափար, որն ըստ մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանի, չէր կարող անտեսվել, հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի անկախությունը դեռ 25 տարեկան է և հենց այդ անկախությունը պահելը մեր նորօրյա սերնդի, մեր մանուկների ձեռքում է լինելու: «Մեր մանկապարտեզում շատ մեծ շեշտ է դրված հայրենասիրության վրա: Մենք անընդհատ երեխաներին սովորեցնում, հիշեցնում ենք հայրենիքի ու նրա պահապան զինվորների մասին: Շատ կարևոր էր նաև այն, որ երեխաներն իրենց աչքով տեսնեին, թե զինվորները որտե՞ղ են կայանում, սովորում և ի՞նչպես են դառնում հրամանատարներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Երևանի թիվ 108 մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանը:

 Երեխաների համար շատ հետաքրքրական էր տեսնել, թե որտեղ են քնում, սովորում, մարզվում և ճաշում հայ զինվորները: Համալսարանի սպաների ուղեկցությամբ մանկապարտեզի սաները ականատես եղան այդ ամենին: Մանուկներից բացի, նաև մեծ տպավորություն էր ստացել ռազմական համալսարանի սոցիալ-իրավական աշխատանքների գծով ավագ սպա, փոխգնդապետ Ոսկանյանը, ում ներկայացմամբ ռազմահայրենասիրական դաստիարակությունը երեխաների մոտ պետք է սերմանել հենց մանկուց:

«Մեր ռազմական համալսարանն առաջին անգամ էր հյուրընկալում մանուկներին, ինչը ոգեշնչել էր թե մեզ, թե երեխաներին: Զարմացած ենք, որ դեռ մանկուց մեր երեխաներն այդքան հայրենասեր են: Հուսով եմ և վստահ եմ, որ փոքրիկները կդառնան հայրենիքին արժանի զինվորականներ, նույնիսկ աղջիկ երեխաները, ովքեր նույնպես ոգևորված էին այցելությունից»,- ասաց փոխգնդապետ Ոսկանյանը:

Երեխաներին ուղեկցող սպաները տևական ժամանակ, կարծես, մոռացել էին իրենց պաշտոնի, ծառայության, տարիքի մասին և երեխաների հետ խոսում էին «մանուկների լեզվով»: Նրանք պարբերաբար հարցեր էին տալիս երեխաներին, պարզելու նրանց իմացությունը թե Հայաստանի պատմության, թե' մեր հերոսների, թե' նրանց տրամադրվածության մասին: Հատկանշական է, որ նրանք զարմանալի կերպով հիացած էին, այդ ամենի մասին երեխաների տեղեկացվածությամբ: Հատկապես տպավորիչ էր սպայի այն հարցը, թե երեխաները արդյոք ցանկանում են անցնել զինվորական ծառայության: Մանուկներից ոչ մեկն անգամ բացասական պատասխան չտվեց, այդ թվում նաև աղջիկները:

Փոքրիկների համար առավել հետաքրքիր էր այցելությունը ռազմական համալսարանի թանգարան, որտեղ ներկայացված էին այն զենքերը, որոնցով հայրենիքը պաշտպանել էին Արցախյան ազատամարտի ժամանակ: Թանգարանի պետ Միսակյանը նույնպես հաճելի կերպով զարմացած էր իրենց թանգարանում առաջին անգամ ոտք դրած մանուկների ոգևորությամբ: Նրա խոսքով, թանգարանը հյուրընկալել էր թե դպրոցի, թե բուհերի սաների, բայց մանկապարտեզի երեխաների, ում հետաքրքրվածությունը ոչ ոքի չէր զիջում, առաջին անգամ էր ընդունում: «Երեխաները տեսան և անպայման երկար կհիշեն, թե ինչ զենքերով են կռվել ու հաղթանակ տարել իրենց պապիկները»,- համոզմունք հայտնեց պարոն Միսակյանը:

Երեխաների շարքում կային փոքրիկներ, ում հայրերը զինվորականներ են: Հայացք գցելով նրանց աչքերին` կարելի էր զգալ հայրենասիրություն և հպարտություն: Մնում է միայն ասել, որ բոլոր երեխաները իրենց հայրենիքին նվիրյալ ծնողների արժանի զավակներն են:

Վահե Հակոբյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am