Թուրքիայի ԶՈՒ-ում նոր զտումներ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերում առաջիկայում կսկսվեն նախադեպը չունեցող զտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զինված ուժերից հեռացվել է 4 հազար 545 աշխատակից, սակայն զինված ուժերում դեռ կան Ֆեթուլլահ Գյուլենի` մեծ թվով հետևորդներ: Այս կապակցությամբ առաջիկա շաբաթվանից սկսված հետախուզական միավորումները հատուկ հանձնաժողովների հետ կսկսեն ուսումնասիրել զինված ուժերի կադրերին:
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Չափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը, սակայն, հրաժարվել է մեղադրանքներից` հայտնելով, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:
Օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ իրականում հենց Էրդողանն է հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է իր համար անցանկալի անձանց պաշտոններից հեռացնելու, ձերբակալելու, իր իշխանությունն ամրապնդելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում