Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացվեցին հայ կերպարվեստի բացառիկ նմուշներ

Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացվեցին հայ կերպարվեստի 
բացառիկ նմուշներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում բացվեց Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ թանգարանի պահոցներից և մշտական ցուցադրությունից հանրությանը ներկայացվեցին 20-րդ դարի հայ կերպարվեստի այնպիսի նշանավոր վարպետների գործեր, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Գյուրջյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Սեդրակ Առաքելյանը, Միքայել Ավետովը, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Դմիտրի Նալբանդյանը, Վահագն Թերզիբաշյանը: Ընտրանին ընդգրկում է նորագույն հայ կերպարվեստի երեք հիմնական փուլեր՝ նախախորհրդային, ստալինյան և ազգային երկրորդ մոդեռնիզմ: Ընդհանուր առմամբ՝ 14 ցուցանմուշ:

Ներկայացված ցուցանմուշները պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Այս նվիրատվությունն իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Արամ Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: Դատելով ընտրանու գործերից՝ ռուսական մոդեռնի սիրահար Արամ Աբրահամյանի հետաքրքրությունը հայ կերպարվեստի  նկատմամբ պայմանավորված էր ոչ միայն հայրենասիրությամբ, այլև նրա ողջ հավաքածուի պատմական և գեղարվեստական տրամաբանությամբ:

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան, ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ ռուսական արվեստի թանգարանի հայկական հավաքածուն այսպես ամբողջական դեռևս ցուցադրված չի եղել:

«Ցուցահանդեսի հիմնական նպատական է ցույց տալ հայ կերպարվեստի համաշխարհային արժեքը: Խորհրդային տարիներին այն փակվեց, և հիմա մենք վերաիմաստավորվելու խնդիր ունենք, հենց անկախության համատեքստում արվեստի  միջոցով վերաարժևորելու մեր անկախ ինքնությունը»,- նշեց Լիլիթ Սարգսյանը:

 Ցուցահանդեսը կտևի երկու ամիս: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am