Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ՌԴ հյուրանոցներից մեկում գաղտնի փաստաթուղթ է մոռացել
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին Ռուսաստան այցելության ընթացքում հյուրանոցի համարում գաղտնի փաստաթուղթ է մոռացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի հրապարակած շուրջ 200 էջանոց տվյալներին՝ պետքարտուղարի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու գործով:
Ներկայացված նյութերի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՌԴ կատարած այցելության ընթացքում նրա օգնականը հյուրանոցի համար մի պայուսակ է բերել, որում եղել է Քլինթոնի թղթապանակը՝ գաղտնի փաստաթղթերով:
Հեսռուստաընկերության տվյալներով, երբ Քլինթոնը և նրա օգնականը լքել են հյուրանոցի համարը, դիվանագիտական անվտանգության աշխատակիցներն այնտեղ գաղտնի փաստաթուղթ են հայտնաբերել: Հեռուստաընկերությունը պնդում է, որ այդ թղթապանակը ընդհանրապես չպետք է հյուրանոցի համար բերվեր:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի հրապարակած նյութերում ներկայացված են հետախույզների զրույցները Քլինթոնի օգնականների, պետքարտուղարության աշխատակիցների և այլ վկաների հետ: Զրույցները հրապարակվել են խմբագրվելուց հետո: ՀԴԲ-ն, մասնավորապես, պարզել է, որ 2011թ. Հիլարի Քլինթոնը Gmail ծառայությունում բացել է իր երկրորդ չպաշտպանված փոստը: Նախկին պետքարտուղարի օգնական Մոնիկա Հենլին պատմել է, որ Հիլարի Քլինթոնն այդ քայլին ստիպված է եղել գնալ Խորվաթիա այցելության ժամանակ, քանի որ նրա առաջին անձնական էլեկտրոնային փոստի հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Հետաքննությունը ցույց է տվել, որ պետքարտուղարության աշխատակիցները իրենց ղեկավարի հետ բավականին ակտիվ քննարկել են աշխատանքային հարցերը՝ չենթադրելով, որ կարող են չպաշտպանված էլեկտրոնային փոստի միջոցով նրան գաղտնի տեղեկատվություն փոխանցել: Նախկին պետքարտուղարի խորհրդական Ջեյկոբ Սալիվանը հետաքննությանը պատմել է, որ մի անգամ Հիլարի Քլինթոնի փոստին նամակ է եկել անօդաչու թռչող սարքի կողմից թիրախին հարված հասցնելու ԱՄՆ-ի գաղտնի օպերացիաներից մեկի վերաբերյալ: Նամակագրության մասնակիցներն այդ ժամանակ որոշել են, որ այդ նամակն ուղարկողն իմացել է այդ հարվածի մասին, քանի որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հայտնված լինել մամուլում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում