Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրականացված աշխատանքների հաշվետվությունը

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրականացված աշխատանքների հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նախարարի պաշտոնում աշխատելու 7 ամսում իրականացված աշխատանքները: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, իր համար մեծ նշանակություն ունի այն, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը հանդես գա հաշվետվությամբ իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ: «Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ՝ նախարարության առջև ծառացած  հիմնական խնդիրները 30-ն են: Էկոնոմիկայի նախարարությունը, որը ժամանակին 13 գերատեսչությունների լիազորություններ է կենտրոնացրել, ներկա պահին բազմաթիվ խնդիրներ ունի կարգավորելու:  Այսօր գուցե այդ խնդիրները դրսից  չեն երևում, սակայն ներսից ակնառու են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրները ծավալուն են, խորքային և, բնականաբար, պահանջում են համապատասխան աշխատանք: «Պարզ է, որ նախարարությունն օժտված չէ բոլոր անհրաժեշտ լիազորություններով, իսկ ֆինանսական միջոցներն էլ չեն բավարարում դրանք ամբողջությամբ լուծելու համար, սակայն մենք միասին պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք վեր հանել այդ խնդիրները և դրանց արդյունավետ լուծում տալ»,- հայտարարեց Մինասյանը: Առաջնային խնդիր է տնտեսական զարգացման քաղաքականության մշակման և մոնիթորինգի իրականացումը, որը նախարարության կանոնադրության մեջ էլ ձևակերպված է, սակայն այս ուղղությամբ նախարարությունը բոլոր անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ: «Ուստի մենք պետք է մեր գործընկեր այլ գերատեսչությունների հետ քայլեր մշակենք, քննարկումներ իրականացնենք, որպեսզի հասկանանք, թե որ գերատեսչությունն է զբաղվելու այս հարցով, իսկ կառավարությունը հետևողական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ… 7 ամիսների ընթացքում  դեռևս չի հաջողվել ունենալ տնտեսական զարգացման քաղաքականության  հիմնական փաստաթուղթ: Անպայման պետք է լինի մի գերատեսչություն կամ խումբ, որն զբաղվի այս հարցով: Ես համոզված եմ, որ սա կառավարության համար առաջնային խնդիր է լինելու»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորեց նաև դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման հարցը: Նրա խոսքով՝ պետք է լինի գերատեսչություն, որը կաշխատի դոնոր կազմակերպությունների հետ, բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մեկ վայրում, ինչն ավելի կհեշտացնի այդ կազմակերպությունների հետ աշխատանքը:

Աշխատանքներ են իրականացվել նաև ներդրումների խթանման ուղղությամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն  այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացրել: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել  «Արտաքին ներդրումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:  

Արծվիկ Մինասյանը նաև հավելեց, որ քայլեր են ձեռնարկվել և շարունակվելու են արվել ներդրումների խոչընդոտների վերացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ներդրողները պետք է վստահ լինեն, որ իրենց համար խնդիրներ և խոչընդոտներ չեն առաջանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am