Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը Սիրիայի հայերի հարցում պետք է օգտագործի ՌԴ-ի ու Իրանի դերակատարությունը. արաբագետ

Հայաստանը Սիրիայի հայերի հարցում պետք է օգտագործի ՌԴ-ի ու Իրանի 
դերակատարությունը. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել: Հայաստանը Սիրիայի հարցում պետք է ակտիվ օգտագործի դիվանագիտական լծակները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով  ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթին:

«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին  խոսեց: Եթե հայտարարությունից հետո արդեն գործնական քայլեր լինեն, ապա մենք ականատես կլինենք ինչպես հումանիտար նպատակներով ցուցաբերվելիք օգնությունը հայ համայնքին տրամադրելու գործընթացին, այնպես էլ անվտանգության հարցում երաշխիքներ ստանալուն` համագործակցելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Քանի որ Հալեպում Իրանը բավական ակտիվ է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով, սիրիական հակամարտության հարցի հետ կապված հայկական համայնքն առանձնացել է կառուցողական մոտեցմամբ և միշտ կողմնակից է եղել, որ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման կամ բանավեճի փուլ: Այս համատեքստում, ըստ նրա, հայկական համայնքը կարող է իր ներդրումն ունենալ, սա նաև բարձրացնում է հայկական համայնքի կշիռը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Նախագահը ողջունել է ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Նա ընդգծել է, որ քննարկվում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորություններն այդ գործընթացներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am