Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարբեր երկրներից ժամանած ֆուտբոլային փորձառու մարզիչները եռօրյա պարապմունքներ են անցկացնում Գյումրիում

Տարբեր երկրներից ժամանած  ֆուտբոլային փորձառու մարզիչները եռօրյա պարապմունքներ են անցկացնում Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներից ժամանած ֆուտբոլային փորձառու մարզիչները եռօրյա սեմինար պարապմունքներ են անցկացնում Գյումրիում: Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 24-26 –ը գյումրեցի մարզիչներին իրենց հմտությունները, տեխնիկական հնարքները կներկայացնեն Անգլիայում ձևավորված  Coaches across continents միջազգային կազմակերպության մարզիչները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սա ծրագիր է, որն իրականացվում է տարբեր երկրներում: Ավելի քան 35 երկրում ֆուտբոլն իրենց կենսակերպը համարող ու առանց ֆուտբոլի իրենց կյանքը չպատկերացնող մարզիչները  իրենց փորձով արդեն կիսվել են:72-ամյա Բիլ Գեյթսը, ով ֆուտբոլով է զբաղվում իր ողջ կյանքի ընթացքում՝ 5 տարեկանից սկսած, անկեղծացավ, որ նպատակը մեկն է՝ ֆուտբոլը նաև  սոցիալական ազդեցության լավագույն գործիք դիտարկելը:

«Ես երկար տարիներ մարզել  եմ Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի տղաներին, պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ 17-30 տարեկան հասակում: Ավելի քան 400 խաղ եմ խաղացել, որպես պաշտպան, թիմի ավագ : Հասկացել եմ մի բան՝ կարևորը միայն լավ ֆուտբոլիստ դառնալը չէ, այլ ֆուտբոլը սիրելը, իսկ ֆուտբոլի միջոցով նաև մարդկանց սիրելը »,-նշեց Գեյթսը՝ հպարտությամբ նշելով, որ իրեն այս տարիքում առույգ է պահում ֆուտբոլի հանդեպ սերը:

Բիլը միայնակ չի եկել Հայաստան, նրան է  միացել   «Coaches across continents»-ի ևս 5 անդամ, նրանց թվում նաև կինը՝ դոկտոր Ջուդիթ Գեյթսը, ով մարզիչ չէ, այլ զբաղվում է կրթությամբ: Ամուսինները համախմբվել են որդու՝ Նիքի «ֆուտբոլային գաղափարախոսության» շուրջ ՝  հարցերն ու կոնֆլիկտները լուծել փոխհամագործակցության շնորհիվ՝ հատկապես կանանց ֆուտբոլը զարգացնելով:  

Ծնվելով և մեծանալով մեծ Բրիտանիայում,  Նիքը խաղացել է Անգլիայի երիտասարդների թիմում, ապա Հարվարդի համալսարանն  ավարտելուց հետո ստեղծել մարզչական ընկերություն՝ իրականացնելով ֆուտբոլային կրթական ուսումնական ծրագրեր, մարզում է նաև կանանց թիմը: Մարզիչները առանձնակի տեղ են տալիս կանանց ու աղջիկների ֆուտբոլի զարգացմանը: Այն, որ Հայաստանում շատ ծնողներ չեն ցանկանում, որ իրենց աղջիկները ֆուտբոլով զբաղվեն, Նոռա Դուլին արդեն իմացել է, բայց հուսով է, որ այդ մտածելակերպը կփոխվի:

«Դուք լավ աղջիկների թիմ ունեք, շատ նպատակասլաց,  շատ պատրաստակամ են ՝  տեխնիկական հնարքները փորձում են ընդօրինակել ու կիրառել: Պետք է նախ գիտակցել, որ ֆուտբոլը կարող  է, ֆիզիկականից բացի, նաև շատ այլ հարցեր լուծել. այդ թվում՝ միջանձնային : Պետք է քաջալերել յուրաքանչյուր աղջկա և կնոջ՝ ֆուտբոլային կյանքում ներգրավվելու հանգամանքը»,-նշեց Նոռա Դուլին:

Այն , որ աղջիկները բավական լավ են ֆուտբոլ խաղում Հայաստանում, նշեց նաև Բիլ Գեյթսը: «Տղաները շատ լավն են, բայց աղջիկները ավելի զարգանալու հնարավորություն ունեն : Շատ տպավորված եմ: Այն ինչ տեսանք այստեղ՝ մարզչական կրթության բարձր մակարդակով տպավորված ենք՝ մարզիչներն այստեղ ամեն ինչ անում են  բարձր որակով, իսկ ամենակարևորը ՝պատրաստ են լսել, իրենց մեջ պահել ու գործողության մեջ դնել  այն բոլոր խորհուրդները, որ տալիս ենք»,-հավելեց Ջուդիթ Գեյթսը:

Բրազիլիա, Զիմբաբվե, Զամբիա Կոնգո, Հայաստան, իսկ Հայաստանից հետո՝ Վրաստան, Ալբանիա և այլն. այսպես շարունակ՝ ողջ տարվա ընթացում միջազգային կազմակերպության անդամները կլինեն տարբեր երկրներում, ֆուտբոլը կներկայացնեն համայնքային կյանքի սոցիալական  փոփոխության տեսլականով:

«Շատ հետաքրքիր ու զվարճալի մեթոդներով են այս մարզիչներն աշխատում երեխաների հետ, այնպես, որ երեխան չի ձանձրանում: Մեզ համար ևս բավական հաճելի ու օգտակար է: Նրանք ոչ մի բան չեն պարտադրում. վերցնում ես այն, ինչն օգտակար է քեզ համար: Մենք ավելի խիստ մարզիչներ ենք»,-նշեց աղջիկների ֆուտբոլի մարզիչ, «Տրիբունա-ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Սենիկ Առաքելյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am