Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Տատյանա Հայրապետյան․ կյանք` նվիրված բարձր արվեստին և մատաղ սերնդի դաստիարակությանը․․․


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարծես՝ երեկ էր, որ նշում էինք Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի բազմամյա տնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանի` հռչակավոր Տատյանա Բագրատովնայի փառապանց 90-ամյակը...

Իսկ այսօր առավոտյան եկավ անհավատալի գույժը՝ նա մեզ հետ չէ այլևս․․․

․․․Նրա սաների առաջին սերունդը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ են, ովքեր իրենք արդեն թոռնիկներ ունեն, եւ այդ թոռնիկները դեռ երեկ Տատյանա Բագրատովնայի սաներն էին...

Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, հետագայում` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զ. Տեր-Ղազարյանը իրՙ Տ.Բ․Հայրապետյանի «Մեղեդիներ իմ հուշերի...» ինքնակենսագրական գրքի (2004թ.) նախաբանում գրել է. «Տատյանա Բագրատովնա. կես դար եւ մի օջախ, որի լույսի, անշեջ կրակի պահպան ու պահապան անունն է նա: Անկրկնելի վառ անհատականությունՙ ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին եւ ներքին միասնության մեջ :

Աշխույժ, կենդանի հայացք, վառվռուն աչքեր, միշտ ժպիտի պատրաստ` թվացյալ խստությամբ սեղմված շուրթեր: Հազվագյուտ համադրության անձնավորություն` կեցվածքի վեհությամբ ակնածանք ներշնչողՙ ամենուր եւ բոլոր պարագաներում, բայց եւ միեւնույն ժամանակ հաստատ համոզմունք, որ այս մարդու հետ կարելի է հավասարի պես ընկերություն անել: Ակտիվ, խոսուն, աղմկոտ, նաեւ լռակյաց, ուշադիր ունկնդիր, որը լսել գիտի, իր բարձունքում` ուրիշի խորհրդին ականջ դնել, համոզել եւ համոզվելՙ եթե արժանի է: Անդավաճան ընկեր է եւ գիտի գնահատել ու տարբերել իրականն անիրականից, էականն` անէականից մարդկային հարաբերությունների մեջ: Եվ եթե սիրեց մեկին, ապա նվիրումով եւ ընդմիշտ, իսկ եթե չընդունեց` հավերժ: Ռոմանտիկ եւ պրակտիկ Տատյանա Բագրատովնա, որի սիրտը կարող է հուզվել , բայց ճկուն միտքը միշտ կգտնի ամենաճիշտ եւ կարճ ուղին: Տեր է իր գործին, իր դպրոցին: Հավատարիմ է իր սկզբունքներին, իր կոչմանը: Թիկունք է իր ընտանիքին:

Մարտիկ է. եւ առաջինը կրակը կնետվի պայքարի` իր յուրաքանչյուր աշակերտի համար: Տատյանա Բագրատովնա. անուն, որն արդեն առավել քան կես դար խոր ակոսով ընթանում է հայ երաժշտության միջոցով` ուղեկցված երախտապարտ աղերսներով:

Տղամարդ կին է: Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի, մեր հարազատ եւ սիրեցյալ «տասնամյակի», մեր alma mater-ի սիրտ ու տնօրեն Տատյանա Բագրատովնա Հայրապետյանը: Մեր Տանյան...»:

․․․Վաղ հասակում Տատյանա Հայրապետյանը կորցրել էր հորը, հետո էլ, երբ երեխաները պատանի էին, ամուսնուն՝ Մեծ հայրենականը սկզբից մինչեւ վերջ անցած զինվորական, հետագայում` շնորհալի ճարտարապետ Բագրատ Սմբատյանին, դրանից հետո էլ` ավագ որդի Սերգեյին, սակայն երբեք չի ընկճվել:

Դեռ ավարտած չլինելով Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Տատյանա Հայրապետյանը միանգամից ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիան, սակայն ճակատագիրը մի նոր հարված է հասցրել. քիչ անց սկսվեց պատերազմը, եւ նա ստիպված էր վերադառնալ Երեւան: Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի. Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների մի շարք պրոֆեսորներ էվակուացվեցին Երեւան: Ինչպես իր գրքում գրել է Տատյանա Բագրատովնան, «...Այդ տարիների Երեւանի կոնսերվատորիան շնորհիվ դրա հսկայական վերելք ապրեց՝ Իգումնով, Քուշնարյով, Պավլյուչենկո, Տիգրանով, Գաբրիելյան... Ահա եւ ես այստեղ դարձա Ավետ Գաբրիելյանի ուսանողը, իսկ երբ մեզ ետ հրավիրեցին Մոսկվա` ես շարունակեցի իմ ուսումնառությունը հանրահայտ Յակով Իլյիչ Ռաբինովիչի դասարանում...» :

Մոսկվայում ուսանելու տարիներին Տ. Հայրապետյանի ուսումնակիցներն են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Գերոնտի Թալալյանը: Ընդհանրապես, այն տարիների Մոսկվայում Հայ մշակույթի տան հանրակացարանում, հայ, խորհրդային եւ համաշխարհային երաժշտության վերը նշված ապագա աստղերից բացի օթեւանել էին արվեստի այլ բնագավառների ապագա հեղինակություններ` Երվանդ Քոչարը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Նիկողայոս Նիկողոսյանը եւ ուրիշներ: Դրա փորձասենյակներում պարապում էին ինքը՝ մեծն Արամ Խաչատրյանը, Կոմիտասի անվան քառյակի եւ ջութակի հայկական կատարողական դպրոցի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը:

Ի դեպ, հանճարեղ Խաչատրյանը 70-ականներին իր նամակում գրել է․«Երջանիկ եմ, որ իմ հայրենի Երևանում կա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կատարողների հիանալի մի դարբնոց, որը ղեկավարում է իմ վաղեմի բարեկամ, շնորհալի Տատյանա Հայրապետյանը․․․»

Տատյանա Բագրատովնայի վկայությամբ,«...Գալիս էին հաճախ մեր մշակույթի տուն Մոսկվայում արդեն հայտնի հայեր` Պավել Լիսիցյանը, Վահրամ Փափազյանը, Աշոտ Արզումանյանը, ավիակոնստրուկտոր Սերգո Միկոյանը...»:

...Պատերազմի տարիներին կոնսերվատորիայի ուսանողուհի Տատյանա Հայրապետյանը հաճախ է ելույթներ ունեցել հոսպիտալներում վիրավոր մարտիկների առաջ, եւ եթե նրանց մեջ հայեր էին լինում, ապա խնդրում էին նվագել ինչ-որ մի բան հայ կոմպոզիտորներից:

...Մոսկվայի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո Տատյանա Հայրապետյանը, ով կարող էր առանց մեծ դժվարությունների մնալ ԽՍՀՄ մայրաքաղաքում, գտնել լավ աշխատանք, այնուամենայնիվ, որպես հայ եւ տոհմիկ երեւանցի` վերադառնում է հայրենի Երեւան: Եվ շատ բնական է, որ փայլուն կատարողներ Գաբրիելյանի, Ռաբինովիչի, Յամպոլսկու, նաեւ մեծն Արամ Խաչատրյանի սանը սկսեց ակտիվ կատարողական-համերգային գործունեություն. սիմֆոնիկ նվագախումբ, համույթներ, ելույթներ ռադիոյով, համերգային երեկոներ: Սակայն երբ դրան զուգահեռ սկսեց իր մանկավարժի գործունեությունը, ապա, իր իսկ խոստովանությամբ, զգաց, որ դա իր կոչումն է, հավատամքը, եւ շուտով այն լիովին կլանեց նրան:

...Ապագա ամուսնու հետ Տատյանա Հայրապետյանը ծանոթացավ Մոսկվայում ուսանելու տարիներին...

Իր նկատմամբ Բագրատ Սմբատյանի զգացմունքը այնքան մեծ էր, որ նա թողեց աշխատանքը, կապերը, տունը Մոսկվայի կենտրոնում եւ տեղափոխվեց Երեւան: Պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց նրա` ճարտարապետի եւ մանկավարժի ամբողջ տաղանդը:

Տիկին Սմբատյանը իր գրքում այսպես է գրել. «Քսան տարի Բագրատի հետ եւ հետո համարյա քառասուն տարի`  առանց նրա: Բայց նրա թողած հուշերով, մտքերով եւ մեր երեխաներով` ամենամեծ նվերը մեր կյանքում, որոնք ամեն մեկն յուրովի, հոր լավագույն գծերի ժառանգորդն ու շարունակողը դարձան: Ես Սերյոժիկի ինտելիգենտ համեստության, կիրթ կեցվածքի, գրքասիրության, հայրենասիրության մեջ տեսնում էի Բագրատին: Արմենի բարի հոգին, միշտ օգնելու ու հասնելու, կարեկցելու, անսպառ աշխատասիրության եւ նորից հայրենասիրության մեջ` ես տեսնում եմ էլի Բագրատին: Նրանք արտաքինով էլ բոլոր երեքն՝  իմ սիրելի տղամարդիկ, նման էին միմյանց եւ հարազատ իմ հոգուն մի ուրիշ ջերմությամբ: Բագրատի հետ կյանքը ինձ կարճ ժամանակ էր վերապահել, բայց նա ինձ շատ օգնեց մեր տղաներին իրական հայ, հայրենասեր եւ քաղաքացի դաստիարակել» :

Իր ավագ որդու՝ վաղամեռիկ Սերգեյ Սմբատյանի լավագույն գծերը Տատյանա Բագրատովնան  կարողացել է լավագույնս փոխանցել սիրելի թոռանը եւ իր սանին՝ՙ կրտսեր Սերգեյ Սմբատյանին, իր սիրելի Սերյոժիկին, ով ընդամենը 19 տարեկանում հիմնադրեց կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, որն այսօր գրեթե լիովին կայացած, Հայաստանում եւ արտերկրում արագորեն աճող համբավ վայելող մի համույթ է: «... Ուզում եմ Սերյոժայի մեջ տեսնել իմ բոլոր իրականացված ու չիրականացված երազանքներն ու նպատակները» ՝ այսպես է իր գրքում գրել Տատյանա Բագրատովնան իր կրտսեր թոռան մասին:

Տատյանա Հայրապետյանը, իր իսկ խոսքերով, դպրոցի ամեն մի աշակերտի հետ դարձել է յոթ տարեկան փոքր երեխա եւ տասնմեկ տարի նրա հետ միասին սովորել, մեծացել եւ ավարտել․․․

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Տատյանա Բագրատովնա, մենք միշտ կհիշենք Ձեզ․․․

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ