Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բժիշկները զինված խմբից պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերներին

Բժիշկները զինված խմբից պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր հիվանդանոցների բժիշկներ պահանջում են ՊՊԾ գունդը գրաված զինված խմբից ազատ արձակել պատանդ բուժաշխատողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին մի շարք բուժաշխատողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքում պատանդառված բժիշկների գործընկերներն իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի առնչությամբ:

« Ցավալի է, որ մեր գործընկերները գտնվում են պատանդի կարգավիճակում: Կոչ եմ անում զինված խմբին, որպեսզի հնարավորություն տան բժիշկներին այնտեղից դուրս գալ, որովհետև անկախ ամեն ինչից, բժիշկները եղել են իրենց կոչմանը հավատարիմ և օգնություն են ցուցաբերել  բոլորին: Կարծում եմ, այս օրերին ընթացքում մեր աշխատանքով դա ապացուցել ենք»,- ասաց «103» ծառայության բժշկուհի Հասմիկ Հայրապետյանը:

«103» ծառայության ավագ բժիշկ Մարինա Ալիխանովան նշեց, որ բուժքույր Մալինա Մարգարյանի հետ աշխատել է երկար տարիներ և ցավում է գործընկերոջ համար:
«Մալինա Մարգարյանը փրկել է բազմաթիվ մարդկային  կյանքեր: Խնդրում եմ զինված խմբին բաց թողնել բոլորին, առավել ևս՝ Մալինա Մարգարյանին: Շատ ցավալի է, որ կինը արդեն երկու օր է գտնվում է անազատության մեջ»,- նշեց Ալիխանովան:

Թիվ 17 պոլիկլինիկայի կանանց կոնցուլտացիայի բաժնի վարիչը Շուշանիկ Գրիգորյանը իր հերթին ասաց, որ պատանդ վերցրած գործընկերները իմացել են՝ ուր են գնում, սակայն դա նրանց չի խանգարել հետ կանգնել իրենց որոշումից:

«Բժիշկի մասնագիտությունը պարտավորեցնում, որպեսզի նա առանց վարանելու օգնի մարդկանց: Զինված խմբին ուղղակի խնդրում եմ, մարդկայնորեն մոտենան և բաց թողնեն պատանդներին»,- նշեց Գրիգորյանը: 

Հուլիսի 27-ին հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բուժաշխատողներին` «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին:Ավելի ուշ բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: «Շտապօգնության» բժիշկներն առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի վիրավոր անդամներին տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանք մերժել են: Զինված խմբի անդամները պահանջել են, որ Առողջապահության նախարարը ներկայանա և տեղում վիրահատություններ կազմակերպվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am