Վիլյամ Սարոյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի թրեյլերը համացանցում է
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի թրեյլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը հոլիվուդյան գերաստղ Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը, կայացել է 2015-ի վերջին ԱՄՆ-ում սահմանափակ լսարանի համար:
The Hollywood Reporter-ը ֆիլմն ընդգրկել էր տարվա հարյուր ամենասպասված ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում լուրջ դերակատարություն է ունեցել ոչ միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը, այլեւ դերասանական կազմը, որ բավական հզոր է:
«Մարդկային կատակերգություն» վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում: Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Չնայած սրան` Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին բարու ու չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում