Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բժիշկները կոչ են անում անհապաղ բաց թողնել ՊՊԾ գնդում պահվող իրենց կոլեգաներին

   Բժիշկները կոչ են անում անհապաղ բաց թողնել ՊՊԾ գնդում պահվող իրենց կոլեգաներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժաշխատողները կոչ են անում անհապաղ բաց թողնել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում պահվող իրենց կոլեգաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսպիսի կոչով հանդես եկան Հայաստանի տարբեր բուժհաստատություններում աշխատող մասնագետները:

«Շատ հուզված եմ և դժվարանում եմ ճիշտ մտքեր արտահայտել: Այն փաստը, որ բժիշկները ՊՊԾ գնդում պահվում են անազատության մեջ, կարծում եմ, որ ցնցել է ամբողջ հանրապետությունը: Որքան ես գիտեմ, աշխարհում չկա այդպիսի երևույթ, երբ բժիշկներին պատանդ են վերցնում: Նույնիսկ պատերազմների ժամանակ բուժաշխատողներին պատանդ չեն վերցնում: Եթե եղել է, ապա անմիջապես բժիշկներն ազատ են արձակել: Ես զայրացած եմ և զարմացած, դիմում եմ ՊՊԾ գնդում գտնվող տղաներին, մի մասը ինձ շատ լավ ճանաչում է, անհապաղ բժիշկներին բաց թողեք, սա հայ մարդուն հարիր չէ»,-ասաց բժիշկ Արա Ասոյանը:

Բժիշկներն իրենց ելույթում ընդգծեցին, որ բոլոր մասնագիտություններից ամենամարդասիրականը բժիշկ լինել է, ով առաջնորդվում է տալ առողջություն ի հաշիվ սեփական առողջության, երբեմն սեփական կյանքի սկզբունքով: Ստացվում է այնպես, որ օգնության եկած բժշկին պատանդ են վերցնում: Բժիշկներն այդ արարքը խիստ դատապարտելի համարեցին` նշելով, որ այն արդարացնելու ոչ մի պատճառ չկա:  

«Նման գործելաոճը մեր ազգին պատիվ չի բերում,  հայերը միշտ օգնել են միմյանց, որոշ դեպքում նույնիսկ թշնամուն, սակայն մենք այլ մոտեցում ենք կիրառում: Բոլորս պետք է այնպես անենք, որ շատ շուտով մեր գործընկերներն ազատ արձակվեն: Բժիշկները միշտ առաջին շարքում են եղել, անձնուրաց աշխատել են: Բժիշկներն արժանի չեն նման վերաբերմունքի»,-ասաց բժիշկ Գագիկ Բեգլարյանը:

Բժիշկ Դավիթ Պետրոսյանը նույնպես դատապարտելի համարեց նման գործելաոճը: Նա հիշեցրեց, որ սրված իրավիճակ է, 22 տարի դանդաղ պատերազմ է ընթանում, և շատ արագ կարող է իրավիճակը թեժանալ: Նա կոչ արեց ՊՊԾ գնդում գտնվող տղաներին իրենց դեմքը փրկելու համար բաց թողնել բժիշկներին:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում պատանդ են վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկներին: «Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,-նշում է ոստիկանությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am