Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ճաքալցման և փոսանորոգման աշխատանքները

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ճաքալցման և փոսանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է նաև, որ արդեն իսկ կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019 թվականների աշխատանքների իրականացման  ծրագիրն ու ժամանակացույցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է հետևել աշխատանքների որակի պահպանմանը, ինպես նաև բնակչությանը պարբերաբար ներկայացնել ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ կազմված ծրագիրն ու ժամանակացույցը:

Զեկուցվել է, որ սահմանված  ժամանակացույցով ընթանում են  Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Վերնիսաժի տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ նախկինում այդ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող 350 անձինք իրենց գործունեությունը շարունակում են «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ  ապահովված են  անհրաժեշտ պայմաններ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների ճաքալցման և փոսանորոգման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքների, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է  ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը:

Քաղաքի գլխավոր դիզայները զեկուցել է, որ շարունակվում են երկաթյա կառուցվածքների ներկման և  բակերի  նկարազարդման աշխատանքները: Նստարանների և աղբամանների վերանորոգման աշխատանքների հետ կապված էլ նշվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են, սակայն գրանցվում են նստարանների միտումնավոր վնասման և կոտրման դեպքեր: Քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերականգնել դրանք, բացի այդ ոստիկանության հետ համատեղ նաև գործնական քայլեր ձեռնարկել քաղաքային գույքը միտումնավոր վնասող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Համայնքային գույքի և ընդհարապես քաղաքի հանդեպ նման վերաբերմունքը պետք է խստորեն դատապարտվի ու օրենքով սահմանված կարգով պատժվի: Նման արատավոր երևույթները պետք է բացառվեն: Ըստ այդմ, ոստիկանության հետ համագործակցելով, վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ միասին գործնական քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որոնցից 130-ն արդեն իսկ կառուցվել է: Հիշեցնենք, որ ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, այդ ամենը տեղում հետևում  և գնահատում են նաև շահառու ՀԿ-ների ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am