Զինված խումբն այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը հուլիսի 24-ի երեկոյան այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ»,-ասաց Ահարոնյանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել են: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս ոստիկանները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ազատ են արձակվել հուլիսի 23-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում