Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեյցարիան ավելի, քան երբեւէ շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ

Շվեյցարիան ավելի, քան երբեւէ շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական 
հարաբերությունների ամրապնդմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Շվեյցարիա տնտեսական երկկողմ համագործակցության հնարավորությունները բավականին մեծ են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը, ով խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր: «Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները, քանի որ ցանկություն կա թե՛ Շվեյցարիայում, թե՛ Հայաստանում: Երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն: Շվեյցարիան էլ իր դժվարություններն ունի Եվրոպայի հետ, իսկ Հայաստանը շրջափակման մեջ է, սակայն միաժամանակ երկու պետություններն էլ ունեն միասին աշխատելու հնարավորության ըմբռնում:  Հայաստանը լիովին ունի հնարավորություն` նոր շուկաներ գրավելու համար»,- ասաց  Դոմինիկ դը Բյումանը:

Նրա խոսքով` այդ առումով Շվեյցարիայում տրամադրվածությունը ավելի հզոր է, քան նախկինում:  «Ես եկա Հայաստան` խոսելու քաղաքական, տնտեսական պատասխանատուների հետ, որոնք պետք է արագ գործի անցնեն:  Կարող եմ ասել, որ այժմ ընթացքի մեջ են դեղագործության,  զբոսաշրջության, ինչու չէ` գյուղատնտեսության ոլորտները: Օրինակ` Շվեյցարիայում պակասում է բանջարեղենը: Համագործակցության մեծ պոտենցիալ կա ժամագործության, բանկային ոլորտներում:  Իսկ կարեւորներից մեկը, թերեւս,  էներգիայի ոլորտն է. Հայաստանում ահռելի մեծ են արեւային էներգիայի օգտագործման հնարավորությունները»,- ընդգծեց  խորհրդարանական խմբի համանախագահը:

Խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի խոսքով` այցի հիմնական նպատակը տնտեսական  երկկողմ հարաբերությունների ամրապնդումն էր: «Արդեն ժամանակն է պատմական խնդիրների հետ կապված փուլը մի փոքր շրջանցելու, սակայն ոչ անտեսելու իմաստով, քանի որ այժմ կարիք ունենք առաջ նայելու:  Մեզ համար այժմ կարեւոր խնդիրն այն է, որ երիտասարդ ուժերի զարգացումը Հայաստանում լինի տեւական: Դրա համար այլ ելք չկա, քան արմատացնել մասամբ արդեն ձեւավորված տնտեսական հարաբերությունները: Մենք ցանկանում ենք այժմ Հայաստանին տրամադրել հնարավորություններ,  մնում է դա վերցնել»,- նշեց Սարգիս Շահինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am