Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կներկայացվի Արցախում

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կներկայացվի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացված «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 30-ը եւ այնուհետեւ կներկայացվի Արցախում: Շարժական լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված է ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեքեյան Կենտրոնից:

Ցուցահանդեսի մասնակիցներն են ազգությամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից: Ցուցադրված 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր Կիպրոսից, Անգլիայից, Շվեյցարիայից, արվեստասերներ: 

Բացման խոսքում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդեսների կազմակերպումը Թեքեյան Կենտրոնի հարկի տակ դարձել է ավանդույթ, ինչը նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը, ճանաչելի դարձնելով ժամանակակից արվեստագետներին: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց տիկին նախարարին հայերի համար խորհրդանշական այս թեմայով ցուցահանդեսն այցելելու եւ նրա կայացմանը օժանդակելու համար:

«Յուրաքանչյուր հայի իղձն է՝ ամեն առավոտ աչքերը բացել եւ տեսնել Արարատը», - նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով ցուցահանդեսի գաղափարը եւ բարձր գնահատելով աշխատանքները: Նախարարը նաեւ անդրադարձավ Թեքեյան Կենտրոնի դերին. «Որպես մշակույթի նախարար, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի մշակութային կենտրոն, որն արժանի է այն գաղափարախոսությանը եւ այն բովանդակությանը, որը ժամանակի մեջ պատմականորեն դրել է Թեքեյան միությունը: Թեքեյան Կենտրոնը մեզանում դարձել է հայ մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը, որի ձեռնարկները մշտապես հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, ինչի մասին վկայում է այսօրվա ձեռնարկը: Շնորհավորում եմ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին նման հրաշալի աշխատանքներ ներկայացնելու համար»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը (Լոնդոն), շնորհակալություն հայտնելով նախարարին եւ հիմնադրամի հոգաբարձուներին ձեռնարկի իրականցմանը մեծապես օժանդակելու համար, նշեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Արցախում, ինչը մեծ դեր կունենա մեր մշակութային կյանքում: Վ. Ուզունյանը հույս հայտնեց նաեւ, ԹԿ հիմնադրամի համագործակցությունը մշակույթի նախարարության հետ կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդեսի գաղափարին, համոզմունքով նշեց, որ ցուցահանդեսը պետք է ունենա շարունակություն՝ «Արարատը աշխարհի աչքերով», եւ դառնա միջազգային ցուցահանդես ու շրջի աշխարհով, ինչը եւս մեկ առիթ կլինի հայի մասին խոսելու, նրա բազմադարյա մատմությունն ակնարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am