Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

«ՀԲԸՄ Եվրոպան» ողջունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի պատմական բանաձևի ընդունումը

«ՀԲԸՄ Եվրոպան» ողջունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի պատմական 
բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Եվրոպան» ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին: Բանաձևի տեքտում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»: «Գերմանիայի խոհրդարանի ճանաչումը բացառիկ կարևորություն ունի,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը,- Գերմանիան քննել է իր սեփական պատմությունը, ինչպես արել են մի քանի այլ երկրներ ևս: Այդ երկրի հանրությունը և հաստատությունները գիտակցում են անցյալի հանցանքների տևական ազդեցությունը, երբ դրանք չեն բացահայտվում և չեն հիշատակվում»: Հայոց ցեղասպանությունը հիշատակելուց բացի, Բունդեսթագի բանաձևը նաև դատապարտում է Գերմանիայի մասնակցությունը այդ իրադարձություններին` որպես Թուրքիայի հիմնական դաշնակից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք հատկապես խորհրդարանի անդամներից մեկին` Ջեմ Օզդեմիրին,- ասել է Գերմանիայում ՀԲԸՄ ներկայացուցչության նախագահ Սահակ Արտազյանը: -Ջեմը կատարեց անցյալ տարի ապրիլի 24-ին իր տված խոստումը: Թուրքական ծագմամբ այս պատգամավորը, որը բանաձևը առաջ տարավ խորհրդարանում, հսկայական նշանակություն ունի Եվրոպայում մեզ բոլորիս համար»:
Աշխարհի մի շարք խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում` Եվրոպական խորհրդարանը: ՀԲԸՄ Եվրոպան ակտիվորեն աշխատում է Թուրքիայի քաղաքացիական հանրության հետ և Եվրոպայի քաղաքական առաջնորդների հետ` մատնանշելով ցեղասպանության հետևանքները, որոնք ներառում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ շարունակական հետապնդումները և ճնշումները հարևան Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ