Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց 158 տարի անց

Գեղարքունիքի մարզի  Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց 158 տարի անց

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ վերաօծվեց եւ վերաբացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի պատերի ներքո ավելի քան 86 տարի անց առաջին անգամ  հավատավոր բազմության առջեւ աղոթք բարձրացվեց առ Աստված: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եկեղեցու վերաբացման եւ վերաօծման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, Մարտունու տարածքի համայքների ղեկավարներ, Ձորագյուղի եւ հարակից համայնքների բազմաթիվ հավատավորներ:

«Գրիգորյան եղբայրների տարիների երազանքն էր՝ Սուրբ Աստվածածինը տեսնել նորանորոգ ու վերաբացված: Նախորդ դարի 30-ական թվականներից կոլտնտեսության պահեստի վերածված, ապա լքված ու կիսաքանդ եկեղեցին տասնամյակներով սպասում էր աղոթքի ու շարականի, հավատավորների, ինչն այսօր իրականություն դարձավ Գրիգորյան եղբայրների հոգու ցանկությամբ ու նյութական միջոցներով: Այսուհետ բոլորս մեր ներկայությամբ, աղոթքով ու անխախտ հավատով պիտի շունչ տանք Սուրբ Աստվածածնի զորությանը»,-իր խոսքում նշեց Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: «Այս եկեղեցու վերաօծմամբ, որ տեղի ունեցավ իր պատմական օծումից 158 տարի անց, մենք արժանի պատասխան տվեցինք մեր հողի ու հավատի թշնամուն: Մինչ նա կործանում է մեր շեները, հավատի տները ու սպանում մեզ, մենք շարունակում ենք կառուցել ու սերմանել»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ի երախտագիտություն Գրիգորյան եղբայրների աստվածահաճո ձեռնարկի՝ Կիրակոս վարդապետ Դավթյանը Գեղարքունյաց թեմի կողմից Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրեց Սուրբ Աստվածածնի նկարազարդ պատկերը:

«Այս օրվան Գրիգորյան գերդաստանն առավել անհամբեր էր սպասում, քանի որ մեր նախահոր՝ Տեր-Գրիգոր Վարդապետյանի կողմից է առաջին անգամ կազմակերպվել այս եկեղեցու նորոգումն ու օծումը: Սուրբ Աստվածածինը մեր նախահոր ձեռնարկից հետո նոր կյանք է ստանում 158 տարի անց: Ես հավատացած եմ , որ մերօրյա ազգային համախմբման մեջ իր արժանի տեղն ունի Հայ Առաքելական եկեղեցին: Համախմբվելով մեր եկեղեցու շուրջ՝ մենք համախմբվում ենք մեր համազգային նպատակների շուրջ, հայրենի հողի պաշտպանության շուրջ: Այս նորոգ ու վերաօծված եկեղեցում մոմեր վառեք ու աղոթեցեք հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված մեր հերոս զինվորների հոգիների հանգստության համար, մեր փառապանծ բանակի նորանոր հաղթանակների համար»,-հավատավորներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:  Գրիգորյան եղբայրների հովանավորությամբ եկեղեցու բակում հավաքված հավատավորներին բաժանվեց Սուրբ մատաղ:

Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Ձորագյուղի Սուրբ Աստվածածին  եկեղեցու կառուցման եւ խոնարհման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն 1830 թվականին Ալաշկերտից գաղթած եւ Ձորագյուղում հաստատված  հայ ընտանիքների միատեղ ջանքերով եւ Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի հովանավորությամբ հիմնանորոգվել ու հավատի տուն է ծառայել 1858 թվականից սկսած: Այն երկրորդ անգամ հիմնանորոգման է ենթարկվել 1905 թվականին: Խորհրդային անաստվածության տարիներին, անցած դարի 30-ական թվականներից, Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին վերածվում է կոլխոզի մթերքների ու սերմացուների պահեստի, իսկ 60-ական թվականներից լքվում է` տարեցտարի վերածվելով ավերակ շինության:

«Երկու տարվա  դժվարին աշխատանքներից հետո կարողացանք ավերակներից վեր բարձրացնել նորանորոգ Սուրբ Աստվածածինը, որն այսուհետ դառնալու է գործող: Եկեղեցին հիմնովին մաքրվել է փլվածքներից ու շինարարական աղբից, պատերը հիմքից վեր են բարձրացվել իրենց նախկին տեսքով: Միայն փոփոխություն է կրել զանգակատունը: Ապահովված է նաեւ ջեռուցումը, որպեսզի ձմռան ամիսնբերին եւս եկեղեցին ընդունի հավատավորներին»-նշեց համայնքի ղեկավարը:

«Մասրուց Անապատ եկեղեցին, որը կառուցվել է 9-10-րդ դարերի ընթացքում, դարձյալ հիմնանորոգվել, օծվել եւ գործող է դարձել 1997 թվականից, Գրիգորյան եղբայրների անձնական միջոցների հաշվին: Իսկ Գրիգորյան եղբայրները երախտապարտ ծոռներն են Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի: Այսօրվանից Սուրբ Աստվածածին եկեղեցի են վերադարձվում ու, որպես մասունք,  պահվում եկեղեցու հին դռան բանալին, դրոշմակնիքը եւ երեք տարբեր աղոթագրքերը, որոնք հրատարակվել են 1816,1833, 1841 թվականներին եւ եկեղեցին պահեստի վերածելուց հետո պահպանվել բանաստեղծ եւ երգահան Հայրիկ Ղազարյանի տանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր ատենապետ, Ձորագյուղի բնակիչ Սարո Ղազարյանը:  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am