Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դավութօղլուն հեռանում է իշխող կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից

Դավութօղլուն հեռանում է իշխող կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Դավութօղլուն հայտարարել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Դավութօղլուն հայտարարել է նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր:

Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:

Դավութօղլուի հայտարարության ժամանակ ներկա որոշ ԱԶԿ-ականներ չեն կարողացել զսպել արցունքները:

Թուրքիայի գործող սահմանադրությամբ երկրի ղեկավարը հանդիսանում է վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը գլխավորապես արարողակարգային գործառույթներ կատարողի իմաստ է կրում: Էրդողանի և Դավութօղլուի միջև հակասությունները սկսվել են Էրդողանի Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետևել երկրի սահմանադրական պահանջին և ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան` այդպիսով խլելով Դավութօղլուի լիազորությունները:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Բացի այդ, Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել և փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը ևս:

Ստացվում է, որ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնում մնաց 21 ամիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am