Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իշխանություններն ընտրական օրենսգրքի նախագծում կներառեն ընդդիմության և քաղհասարակության երկու առաջարկ

 Իշխանություններն ընտրական օրենսգրքի նախագծում կներառեն ընդդիմության և 
քաղհասարակության երկու առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընտրական օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը ապրիլի 18-ին ներկայացնել Ազգային ժողով: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Քանի որ մենք շատ սեղմ ժամկետներում պետք է ընդունենք ընտրական օրենսգիրքը, իսկ այն պետք է քննարկվի երեք ընթերցմամբ, պատրաստվում ենք ապրիլի 18-ին ներկայացնել Ազգային ժողով: Այն առաջարկները, որոնց վերաբերյալ մենք կարող ենք կոնսենսուսի գալ, չենք կարող բոլորը միանգամից նախագծում ներառել, բայց եթե կլինեն ընդհանուր մոտեցումներ, մենք կարող ենք մինչև երկրորդ ընթերցում համապատասխան լրացումներ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում իշխանությունները վերլուծել են ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկները և որոշում են կայացրել դրանցից ամենակարևորներն ընդգրկել ընտրական օրենսգրքում՝ անկախ նրանից, թե հետագայում ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհայտարարեն, որ այդ հարցում իշխանությունների կոնսենսուս է եղել, թե ոչ: «Այդ առաջարկներից մեկը մատնահետքով քվեարկելու էլեկտրոնային համակարգ ներդնելն է: Այսինքն, յուրաքանչյուր անձ քվեարկելու պահին թողնում է իր մատնահետքը: Քվեարկությունից հետո մատնահետքերը պետք է հավաքագրվեն ողջ հանրապետությունից և ծրագրային ապահովման միջոցով համեմատվեն՝ արդյոք կրկնվել է նույն մատնահետքը մեկ այլ տեղամասում: Դա վերաբերվում է ոչ միայն քվեարկությանը մասնակցող քաղաքացիական անձանց, այլ զինվորականներին, որպեսզի փարատենք բազմաթիվ կասկածներ»,- հստակեցրեց Հարությունյանը:

Հաջորդ առաջարկը, որը կներառվի ընտրական օրենսգրքի նախագծում դա այն  է, որ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը ժամը 12:00-18:00-ն քաղաքական ուժերի վստահված անձինք և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են հայտ ներկայացնել և ստանալ տվյալներ ցանկացած տեղամասում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների վերաբերյալ: «Նրանք կարող են դիմել, համապատասխան հայտով և հաջորդ օրը մինչև ժամը 12:00-ն կստանան տվյալները, թե տվյալ տեղամասի ընտրացուցակի որ համարներն են մասնակցել քվեարկությանը: Տեղամասի սահմանափակում չկա: Նրանք կարող են նման հայտով դիմել ցանկացած տեղամաս»,- մանրամասնեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս երկու առաջարկները կընդգրկվեն Ազգային ժողով ներկայացվելիք ընտրական օրենսգրքի նախագծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am