Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վիշապ քարակոթողներ, պեղումներ Տիրինկատարում, գենետիկ կապեր. հայ հնագետների տարին բեղուն է լինելու

Վիշապ քարակոթողներ, պեղումներ Տիրինկատարում, գենետիկ կապեր. հայ հնագետների 
տարին բեղուն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը 2015 թվականին կատարած պեղումներն արդյունավետ է համարում: Ամփոփելով կատարած աշխատանքները, Ավետիսյանը շեշտեց, որ յուրաքանչյուր տարվա պեղումները որպես հաշվետվություն ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարություն, և եթե դրանք ընդունվում են, ապա ներկայացվում է հայտ` գալիք պեղումների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենն առանձնացրել է կատարած կարևոր աշխատանքները:

Աշխատանքներ Ակնաշեն հուշարձանում

2015 թվականի աշխատանքների մեջ շատ կարևոր պետք է համարենք պեղումները Ակնաշեն հուշարձանում, որը պետք է շարունակենք: Այդ հուշարձանի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա.6-րդ հազարամյակի առաջին կեսով:

Եվս երկու նման հուշարձան կա ժամանակակից Հայաստանում` Մասիս բլուր հնավայրը և Առատաշենը: Մենք դրանից ավելի վաղ բնակատեղի դեռևս չենք ֆիքսել: Ամենահին բնակատեղիներն այդ ժամանակներով են թվագրվում: Ք.ա.6-րդ հազարամյակի առաջին կեսի հանրության մասին տվյալներ ենք ունենում դրանց շնորհիվ: Ցանկացած ձեռք բերված տվյալ մեծ նշանակություն ունի` այդ ժամանակների պատմությունը և մշակույթը ճանաչելու համար:

Ակնաշենի պեղումների շարունակությունը շատ կարևոր եմ համարում: Սկսել ենք այնպիսի շերտեր պեղել, որ հնարավորություն տալիս մտածել, որ մենք Ք.ա. 7-րդ հազարամյակի հուշարձան ունենք:

Վիշապ քարակոթողներ

Կարևոր են նաև արդյունքները վիշապ քարակոթողների ուսումնասիրության հարցում: Արդեն մի քանի տարի վիշապ քարակոթողների ուսումնասիրության ծրագիր ենք իրականացնում: Հայ-գերմանական համատեղ ջանքերով Արագածի, Գեղամա լեռներում և այլ վայրերում իրականացնում ենք աշխատանքներ: Քարակոթողների զգալի մասը հնարավոր է տեսնել տարբեր վայրերում: Դրանք դեռևս 1900-ական թվականներից գիտնականների ուշադրության կենտրոնում են:

Բրոնզեդարյան մոնումենտալ քանդակագործության նմուշներ են, դրանց թվագրության, ժամանակագրության խնդիրները միշտ խնդրահարույց են եղել, մենք հստակ չենք իմացել, թե ինչպես ժամանակագրենք դրանք: Գառնի տաճարի տարածքում նման քարակոթող է գտնվել, որտեղ Վանի թագավորները սեպագիր արձանագրություն են թողել, ինչից հետևում է, որ դրանք վաղ են, քան Վանի թագավորության շրջանը: Բայց ինչքան վաղ է` մենք պատասխան չենք կարող տալ: Ուսումնասիրությունը շատ կարևոր է: Այդ նմուշները բացառիկ երևույթ են:

Պեղումներ Տիրինկատարում

Տիրինկատարում պեղումներ ենք կատարում: Մեր բացած քարակոթողներից մի մասը վերաբերում են երրորդ հազարամյակի վերջին քառորդին: Գուցե վաղը պարզվի, որ ավելի հին օրինակներ կան: 20-ից ավելի նոր քարակոթողներ ենք արձանագրել: Ինչքան փնտրենք, շարունակաբար կավելացնենք թիվը:

Ամեն տարի նորություն կունենանք. ցանկացած փոքրիկ բան վիթխարի քայլ է ոլորտի ուսումնասիրության համար:

Համագործակցություն մոլեկուլային գենետիկայով զբաղվող մասնագետների հետ

Մենք ակտիվ սկսել ենք համագործել մոլեկուլային գենետիկայով զբաղվող մասնագետների հետ: ԴՆԹ անալիզներ ենք անում, և դրանց շնորհիվ փորձում ենք հասկանալ ժառանգականության խնդիրները: Մարդու մնացորդների ԴՆԹ-ի ուսումնասիրությամբ փորձում ենք պարզել, թե ինչ ԴՆԹ նկարագիր են ունեցել բրոնզե դարի, ուշ քարի դարի,  միջնադարյան մարդը և այլն:

Տեսնենք` ժառանգականության կապ կա՞, այսինքն` միջնադարում ապրող հայը, անտիկ շրջանում ապրած հայը և այսօրվա հայը նույն մարդկանց ժառանգնե՞րն են, ի՞նչ կապ կա նրանց մեջ, ի՞նչ տեղաշարժեր են եղել, բնակչության տեսակը փոխվե՞լ է, պահպանվե՞լ է:

Հայտնի է դարձել, որ հնագիտական օբյեկտներից հայտնաբերված հայաստանյան նմուշների գենետիկական տվյալները և ժամանակակից հայ մարդու գենետիկական տվյալներն ամենամոտն են իրար: Դեռ աշխատանք կա անելու հասկանալու` նրանց գենետիկական ժառանգո՞րդն ենք, թե՞ ոչ: Պետք է ԴՆԹ անալիզների շնորհիվ էլի խնդիրներ լուծենք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am