ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարության ոլորտում 2015թ. ընթացքում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականության ապահովումը: Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«2015թ. ընթացքում 2015թ. պետական բյուջեի փոփոխությունների արդյունքում գումարը դարձել է 7 միլիարդ 157 միլիոն 547 հազար դրամ, որի պայմաններում կնքվել են 6 միլիարդ 892 միլիոն 429 հազար դրամի պայմանագրեր՝ թվով 55 օբյեկտների համար, որից կատարվել են 6 միլիարդ 638 միլիոն 439 հազար դրամի շինարարական աշխատանքներ: Դրանք կատարվել են հետևյալ ուղղություններով՝ «Կրթական օբյեկտների հինանորոգում և շինարարություն», «Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն», «Մարզական օբյեկտների շինարարություն և հիմնանորոգում», «Առողջապահական օբյեկտների շինարարություն» և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվել են ավելի ծախսատար ու մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով: ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով իրականացված շինարարական ծրագրերի մոտեցումներն ու քաղաքականությունը և նախագծում հնարավորինս պակասեցրել նոր օբյեկտների քանակը՝ փոխարենը լուծելով երկար տարիներ ձգձգվող շարունակական աշխատանքները ավարտին հասցնելու համար: «Հավաքագրվել է պետական ու համայնքային սեփականության շուրջ 229 կիսակառույց օբյեկտ՝ ավելի քան 140 հազար քմ մակերեսով: Ներկա փուլում ընթանում են կիսակառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրման գործընթացի կազմակերպման աշխատանքները, որից հետո յուրաքանչյուր կառույցի համար տրվելու է հետագա շահագործման վերաբերյալ եզրակացություն»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ ակնկալվում է առաջիկա երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարանային ֆոնդ՝ մարզի տարբեր սոցիալական խմբերի շահառուներին տրամադրելու համար: