Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը 97 տարեկան է. 1918 թվականից Հայաստանի հետ

«Արմենպրես»-ը 97 տարեկան է. 1918 թվականից Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին` «Արմենպրես» լրատվական գործակալությունը նշում է իր 97-ամյա տարեդարձը:

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918թ. Հայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում: Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, ինչպես եւ նախօրոք ծանուցվել է բաժանորդներին, թողարկվել է 1919թ. հունվարի 15-ին. այն ընդգրկել է 22 կարճ լուր: Դրանք ուշագրավ տեղեկություններ են հանրապետության առօրյայի, պետական շինարարության, ազգամիջյան փոխհարաբերություններում գլուխ բարձրացնող ներքին խժդժությունների մասին: «Հայհեռագործ-Արմենտա-Արմենպրես»-ն իր գոյության ավելի քան ինը տասնամյակների ընթացքում ունեցել է երեսունից ավելի ղեկավարներ, մշտապես արտահայտել է հասարակության ցավերն ու մտահոգությունները. նա ժողովրդի հետ պայքարել է ֆաշիզմի դեմ, ուրախությամբ արձանագրել հետպատերազմյան շրջանում հայորդիների ներգաղթը, անմասն չի մնացել մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: 1959-ի դեկտեմբերից գործակալությունն ունենում է նաեւ իր առանձին, մասնագիտացված ֆոտոծառայությունը` «Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ» անվամբ, որ կարճ ժամանակում մեծ համբավ է ձեռք բերում: Հետագայում որոշվում է փոխել հնաբույր Հայաստանի հեռագրական գործակալություն անվանումը: Հայտարարվում է անվանափոխման մրցույթ: Ներկայացված ամենատարբեր առաջարկություններից ընտրվել է «Արմենպրես»-ը:

Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ պետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տարբեր լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, սպորտ, հարցազրույցներ, Ֆոտո նորություններ: Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է ավելի քան 100 հազար լուսանկար: Գործակալությունն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Զանգվածային լրատվության միջոցներից զատ դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ: Տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունի գործակալության ինտերնետային կայքը` հայերեն, անգլերեն, ռուսերեն և արաբերեն: «Արմենպրեսը» ԱՊՀ երկրների ազգային գործակալությունների ասոցիացիայի, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի ինֆորմացիոն գործակալությունների ասոցիացիայի անդամ Է, Ինֆորմացիոն գործակալությունների համաշխարհային ֆորումի մասնակից եւ աշխույժ համագործակցում Է այդ կազմակերպությունների անդամ գործակալությունների հետ: 2013թ.  «Արմենպրես» լրատվական գործակալությունը դարձավ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան լրատվական գործակալությունների ասոցիացիայի (Association of the Balkan News Agencies - Southeast Europe (ABNA)) դիտորդ-անդամ: Համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Սինխուան», ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, «Աժերպրեսը», ԲԵԼՏԱՆ, «Կազինֆորմը», շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղակությունների եւ լուսանկարների փոխանակում:

«Արմենպրես»-ը շնորհավորում է իր ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին տարեդարձի առթիվձգտելով մշտապես պահպանել իր արժանի տեղը լրատվական բազմազանության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am