Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողների սեղանին

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ դրվել է 
ընթերցողների սեղանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, բլոգեր և գրաքննադատ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողների սեղանին: The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված ստեղծագործությունը հայ ընթերցասերների դատին է հանձնվել «Էդիթ Պրինտ», «Բուկինիստ» և «Penguin Group» հրատարակչությունների շնորհիվ:

« «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը պետք է բոլորը կարդան: Սա, իրոք, ժամանակին արված գիրք է, մեզ անհրաժեշտ են նման լավ գրքեր: Մենք պետք է ծանոթանանք նաև համաշխարհային գրականությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

«Բուկինիստ» գրախանութի և հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանը ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին: «Մահացու հիվանդի հոգեբանությունը հասկանալը դժվար է: Հեղինակին դա շատ լավ հաջողվել է, և այս գործը շատ մտորումների տեղիք է տալիս»,-նշեց նա:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի տնօրեն Շավարշ Կարապետյանն անձամբ գրքի հեղինակին նամակ է ուղարկել:

«2008 թվականից աշխատում ենք «Penguin Group»-ի հետ, նրանք առաջարկեցին այս գիրքը հրատարակել: Չկարողացանք մերժել առաջարկը: Բանակցությունների ընթացքում պարզվեց, որ ևս մեկ հայկական հրատարակչություն պայքարում է գիրքը հրատարակելու համար: Ես նամակ գրեցի Ջոն Գրինին, և մեկ շաբաթ հետո պատասխան եկավ»,-նշեց Շավարշ Կարապետյանը:

Ի պատասխան նամակի` Ջոն Գրինն արձագանքել էր այսպես. «Հայկական մի քանի հրատարակչություն արդեն դիմել է ինձ հեղինակային իրավունքներ ձեռք բերելու խնդրանքով, բայց ես սիրով ուզում եմ իրավունքը տրամադրել այն տղային, ով սիրում է կարդալ»:

Գրքի թարգմանիչ Արինա Միրզոյանը շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն ընձեռվեց թարգմանել այս ստեղծագործությունը:

«Ճիշտն ասած ծանոթ չէի նրա գործերին: Չէի կարող պատկերացնել, որ դեռահասների համար գրված գիրքը կարող է այսպիսի հուզիչ պատմություն լինել` լի հումորով»,-նշեց թարգմանիչը:

2014 թվականի ամենավաճառված գրքի գլխավոր հերոսները քաղցկեղով հիվանդ պատանիներ են, բայց սա հիվանդության ու մահվան մասին մռայլ գիրք չէ: Հեյզելն ու Գասը մարդկանց կոչ են անում ծիծաղել և լիարժեք վայելել կյանքը, քանի նրանք կարող են:

«Սա մի գիրք է, որ կոտրում է սիրտդ, բայց ոչ թե հյուծելով, այլ շարունակ ավելի ու ավելի մեծացնելով, մինչև այն ի վերջո պայթում է»,- գրել է The Atlantic-ը: Ի դեպ, գրքի վերնագրի համար հիմք է ծառայել Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»-ից արված մեջբերումը. «Մեղավորը, սիրելի Բրուտոս, աստղերը չեն, այլ մենք՝ ինքներս»: Ջոն Գրինը հեղինակել է նաև «Ալյասկայի փնտրտուքներով» և «Թղթե քաղաքներ» վեպերը: Վերջին գիրքը ևս շուտով կհանձնվի գրքասերների դատին հայերենով:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am