Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քոնան օ’Բրայանը շատ տպավորված է հայերով

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քոնան օ’Բրայանը շատ տպավորված է հայերով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշուուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը խոստանում է, որ նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգներում հեռարձակվելիք հաղորդումը Հայաստանի մասին շատ բազմազան է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օ’Բրայանը ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Անդրադառանալով այցի մանրամասներին՝ նա խոսել է Հայաստանում տեսած այն երևույթների մասին, որոնք իր մոտ զարմանք են առաջացրել: «Այստեղ՝ Հայաստանում սովորույթ կա, որ տղամարդիկ քայլում են իրար թև մտած, և դա շատ տարօրինակ է՝ Միացյալ Նահանգներում նման բան չես տեսնի: Եվ երբ առաջին նման բան ես տեսնում, մտածում ես՝ տեսնես ինչո՞ւ են այդպես անում: Բայց հետո հասկանում ես, որ դա լավ գաղափար է, և ես սկսեցի իմ պրոդյուսերներից մեկին թևանցուկ արած քայլել, ու հիմա մտածում եմ՝ սա ֆանտաստիկ բան է, պետք է Արևմուտքում այս սովորույթը մտցնել: Ժամանակն է, որ մենք էլ հասնենք ձեր հետևից»,- կատակել է օ’Բրայանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այցը կապ ունի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ՝ նա նշել է, որ դա պարզապես զուգադիպել է: «Իմ այստեղ գալը Հարյուրամյա տարելիցի հետ կապ չունի, սակայն ինչ-որ առումով դա ավելի կարևոր է դարձնում իմ այցը: Իրականում այս ամենը տեղի ունեցավ իմ օգնականի պատճառով, ում հետ ես 5 տարի է՝ աշխատում եմ: Խոսքը Սոնա Մովսեսյանի մասին է... Ես ցանկացա այստեղ բերել Սոնային և նրա հետ միասին զգալ նրա մշակույթի համը, հանդիպել նրա ժողովրդին: Իսկ այստեղ հնարավոր չէ գալ և չայցելել Ցեղասպանության հուշահամալիր, դա այս երկրի պատմության անբաժանելի մասն է, և Սոնայի պատմության մասն է: Այդ այցելությունը շատ հուզիչ էր՝ ես մտածում էի, որ՝ այո, ես չգիտեմ այստեղ ինչ քաղաքական հարցեր կան, բայց չեմ էլ ուզում այդ մասին մտածել»,- նշել է օ’Բրայանը: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները մինչև օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով:

Օ’Բրայանը նշել է, որ հայաստանյան այցն առանց արկածների չի անցել. «Ես ոչխար եմ արածեցրել Գառնիում, գնացի այնտեղ, և ես ու Սոնան ավանդական շորեր հագանք: Մենք նաև բազմաթիվ արկածներ ունեցանք Երևանում: Երբ հաղորդումը հեռարձակվի, կտեսնեք, որ ես բազմաթիվ մշակութային վայրեր եմ այցելել և շատ զվարճալի շփումներ ունեցել մարդկանց հետ: Մենք փորձեցինք որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը մեր այցելության 4-5 օրերի ընթացքում: Կարծում եմ՝ շատերը կզարմանան, տեսնելով, թե որքան բան ենք հասցրել: Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկական մշակույթի մեջ»:

Հարցազրույցի վերջում նա կարծիք է հայտնել հայերի մասին՝ ասելով. «Ես մի բան եմ զգացել՝ ԱՄՆ-ում ապրող հայերը, հատկապես Լոս Անջելեսում ապրող բազմաթիվ հայերը, այդ թվում Սոնան և նրա ընկերները, շատ խելացի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ են, նկատի ունեմ՝ հոգեպես: Նրանք մեծ կամքի ուժի տեր են: Սոնան, որպես մարդ, ինձ շատ բան է սովորեցրել: Ես ծանոթ եմ նաև նրա ընտանիքի հետ, նրանք՝ հայերը, շատ տպավորիչ մարդիկ են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am