ՀՀ առաջատար մասնագետների խումբը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բուժօգնություն է ցուցաբերում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից, Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերվել է բժշկական խորհրդատվություն:
Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:
«Սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է»,- նշում է նախարարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում