Հայաստանում նվազել է ամբուլատոր մահացության մակարդակը
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված վիրահատությունների արդյունքում ամբուլատոր մահերի թիվը 2014թ. Երևանում կազմել է 1,4%, իսկ մարզերում 0,2%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստին այս մասին նշեց ՀՀ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը:
«Այս թիվն ակնառու նվազել է 2012թ. հետ համեմատ, երբ Երևանում ամբուլատոր մահերի թիվը կազմել էր 1,6%, իսկ մարզերում՝ 0,5%: Օրինակ` 2014թ. Հայաստանում սուր աղիքային անանցանելիության դեպքում որովայնի անհետաձգելի վիրահատությունների թիվը կազմել է 573, որոնցից մահացել են 36-ը: Վիրահատվածների 50%-ը ընդունվել են 24 ժամ ուշացումով, ինչի պատճառ, օրինակ, մարզերում լինում է հիվանդի տեղափոխումներն այլ հիվանդանոցներ, իսկ տարիքային առումով, մահացածների 80%-ը 60 տարեկանից բարձ տարիքի են եղել»,- հայտնեց Հովհաննես Սարուխանյանը:
Գլխավոր վիրաբույժը հավելեց, որ 2014թ. Հայաստանում իրականացվել է 130 հազարից ավելի վիրահատություն, մանկական վիրաբուժության ոլորտում՝ 14 հազարից ավելի, նյարդային վիրաբուժության ոլորտում՝ 1288, նշիկների հեռացում՝ 9902, թոքերի վիրահատություն՝ 861, սրտի՝ 4278, որոնցից 938-ը կատարվել է բաց սրտի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում