Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելություն


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 21-ին կազմակերպել է ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին, Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան, Բելառուսի Պետական հսկողության կոմիտեի նախագահ Լեոնիդ Անֆիմովը, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես է եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անցած 24-ամյա ուղին ու ձեռքբերումները: Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը, երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, համագործակցությունը միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և այդ կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին: Արմեն Խաչատրյանը երախտագիտության խոսք է հղել Բելառուսի ղեկավարությանը՝ հայ համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության համար:

Այնուհետև ելույթ է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան, ով ևս բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը, երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամանան կապերը և հայ համայնքի ներդրումը Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում:

Միջոցառմանը հանդես են եկել Բելառուսի հայ համայնքի «Էրեբունի» պարի համույթը և երգիչ Եղիազար Ֆարաշյանը:

Նախօրդ օրը` սեպտեմբերի 20-ին, Մինսկի Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնում Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բելառուսի հայ համայնքը կազմակերպել է համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Համերգին ներկա են եղել հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Համերգին ելույթ են ունեցել «Էրեբունի» պարի համույթը, Մինսկի հայորդաց կրթօջախի սաները, ովքեր ներկայացրել են հայկական ազգային պարերը և երգերը: Հանդես են եկել նաև հայտնի ջութակահար Կարեն Կարապետյանը և այլ երգիչներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ