Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Արմենպրես»-ի թղթակիցը գնացել է Նժդեհին զինակցելու մեղադրանքով գնդակահարված Բարսեղ Սաֆարյանի հետքերով

 «Արմենպրես»-ի թղթակիցը գնացել է Նժդեհին զինակցելու մեղադրանքով գնդակահարված 
Բարսեղ Սաֆարյանի հետքերով

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 1884 թվականին ծնված Բարսեղ Սաֆարյանը ԽՍՀՄ իշխանությունների կողմից բռնադատվել եւ գնդակահարվել է 1938 թվականին` 1921 թվականի գարնանը Զանգեզուրի հերոսամարտերի ընթացքում Գարեգին Նժդեհի բանակում բոլշեւիկների դեմ կռվելու մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց  բռնադատված Բարսեղ Սաֆարյանի ազգական, մանկավարժ եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը, բռնադատվածի կյանքի բանտային օրերի եւ վերջին ակնթարթների անորոշության վրա լույս են սփռում ԽՍՀՄ պետանվտանգության արխիվից վերջերս հանված փաստաթղթերը, որոնց համաձայն` Բարսեղ Սաֆարյանը մեղադրվում է որպես Զանգեզուրի հերոսամարտի ղեկավար Գարեգին Նժդեհի բանակում կռված հակասովետական տարր:

«Բարսեղի հայրը եղել է մեր գյուղի տանուտերը, ունեցել հարուստ տնտեսություն: Մեղադրական եզրակացության մեջ Բարսեղի եւ նրա հոր կարգավիճակը ներկայացված է որպես կուլակ եւ ունեւոր: Նույն մեղադրական տեղեկանքում նշված է, որ Բարսեղը 1920 թվականին Երանոս գյուղում նստած դաշնակցական զինվորների շարքերում կռվել է բոլշեւիկների դեմ: Բոլշեւկների իշխանության հաստատումից հետո գնացել է Զանգեզուր եւ կռվել Գարեգին Նժդեհի բանակում: Բարսեղին, նրա եղբայրներին եւ  հորն ունեզրկել են` բռնագրավելով ողջ ունեցվածքը: Բարսեղին ձերբակալել եւ տեղափոխել են Նոր Բայազետի բանտ, որտեղ էլ ի կատար են ածել գնդակահարության վճիռը 1938 թվականի փետրվարի 19-ին: Նրա շիրիմը մինչ օրս էլ մնում է անհայտ»,-պատմեց Դերենիկ Գեւորգյանը:

Բարսեղն ունեցել է 4 զավակ` երեք տղա եւ մեկ աղջիկ, ովքեր կրել են բռնադատման ողջ դառնությունը: Մեծ որդին` Վահանը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ երկու որդիները հայտնվել են Լենինականի մանկատանը: Մեծ հայրենականից տուն վերադառնալուց հետո Վահանն ապրել եւ աշխատել է Երեւանում` քաղխորհրդի գործկոմում: Նա մանկատնից իր խնամքին է վերցրել երկու եղբայրներին, որոնցից այժմ կենդանի է Գառնիկ Սաֆարյանը, ով ճանաչված է որպես բռնադատվածի ժառանգ:

«Բարսեղը հետմահու արդարացվել է միայն 1950-ական թվականների վերջին: Հիմա մեզ համար պարզ են ե’ւ նրան մատնողները, ե’ւ դատողները: Սակայն ցավալի է, որ նրա շիրիմը շարունակում է անհայտ մնալ, իսկ սերունդներից ոչ մեկը հայրենի գյուղում չի ապրում: Բայց անձամբ ես, ողջ հոգով ցավ ապրելով հանդերձ, հպարտ եմ, որ իմ ազգականը գործակցել է մեծանուն Նժդեհին, մասնակցել հայրենի հողի ազատագրության սուրբ գործին»,-եզրափակեց Դերենիկ Գեւորգյանը:

 Խոսրով Խլղաթյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am