Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը հարստանում է նոր արժեքներով

Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը հարստանում է նոր արժեքներով

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության Գեղարքունիքի մարզի պատկան կառույցները շարունակում են շրջայց-ստուգայցերը մարզի պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, որոնց ընթացքում ոչ միայն ստուգվում է պետական ցանկում գրանցված հուշարձանների վիճակը, այլ նաեւ ուշադրություն է սեւեռվում պատմական նորահայտ արժեքներին, որոնք ներկայացվում են նախարարություն` պետական գրանցում տալու առաջարկությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, Գեղարքունիքի մարզի պատմական հուշարձաններում ստուգայց-շրջայցն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի «Պատմամշակութային արգելոց-թանգարաննների եւ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայություն» ՊՈԱԿ տնօրինության եւ աշխատակիցների հետ համատեղ:

Ստուգայցերն առավել ակտիվ ընթանում են գարնանը եւ աշնանը, երբ պատմական հուշարձանների տարածքները զերծ են փարթամ խոտածածկից: «Վերահաշվառում, լուսանկարում ենք պետական ցանկում առկա բոլոր հուշարձանները` դամբարաններ, ամրոցներ, բնակատեղիներ, խաչքարեր, վիմագրեր, ժայռապատկերներ, ջրանցքներ, վանքեր, մատուռներ ու եկեղեցիներ, ուսումնասիրում դրանց տեխնիկական վիճակը, պահպանությունը: Միաժամանակ, ուսումնասիրության նյութ ենք դարձնում այն արժեքները, որոնք տարբեր առիթներով նոր են ի հայտ գալիս: Նման արժեքներն անմիջապես ներկայացնում ենք նախարարություն` դրանց պետական գրանցումն ապահովելու առաջարկով: Սեպտեմբերի առաջին կեսի դրությամբ շրջայցերն ավարտել ենք Մարտունու տարածքի համայնքներում ամբողջությամբ եւ Վարդենիսի տարածքի համայնքներում` մասամբ: Աշխատանքները կշարունակենք մինչեւ ուշ աշուն, մինչեւ ձյան տեղումները: Կարծում եմ, որ դրանք կհասցնենք ավարտել մարզի ողջ տարածքով մեկ»,-նշեց Նորիկ Հազեյանը:

Վերջին երկու տարիների շրջայցերի ընթացքում ի հայտ է եկել երեք տասնյակի չափ պատմական հուշարձան, որոնց հաշվառման գործընթացը կազմակերպվում է օրենքով սահմանված կարգով: «Մեկ տարի առաջ հեռուստաաշտարակի կառուցման ընթացքում ռազմական ամրոցի ավերակների հետքեր են հայտնաբերվել Ճամբարակի Մարտունի գյուղում: Երկու խաչքար գտել ենք Արծվանիստ գյուղի «Քյավշաներ» կոչվող տարածքում, մեկ խաչքար` չափսերով մեծ եւ ընկած վիճակում` Այրք գյուղի գյուղապետարանի հետնամասում: Այս եւ մյուս այլ արժեքներն առաջիկայում կանձնագրավորվեն եւ կհաշվառվեն պետական ցանկում»,-հավելեց Նորիկ Հազեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am