Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ավարտված է Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության մի մասը

Ավարտված է Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր 
փորձաքննության մի մասը

ԳՅՈՒՄՐԻ, 17  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ փորձագետները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում  ավարտել են Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության մի մասը: Ընդհանուր եզրակացություն կկայացվի փորձագետների երզրակացությունների հիման վրա: Համալիր փորձաքննության  իրականացման և այդ փորձաքննությանը ներկա գտնվելու համար միջնորդություն ներկայացրել էին Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները: Միջնորդության համար հիմնականում հիմք հանդիսացել էր ՌԴ կողմի առաջադրած՝ դասալքության, ապօրինի զենք-զինամթերք պահելու ու գործածելու մեղադրանքներով դատավարության ընթացքում Պերմյակովի պահվածքը: Նշենք, որ ռուսական կողմի դատավարության ընթացքում կատարված փորձաքննությունների արդյունքում Վալերի Պերմյակովը ճանաչվել էր մեղսունակ:  

Սակայն, ինչպես լրագրողներին տեղեկացրեցին Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչներն, այս պահին, հրապարակման ենթակա չէ փորձաքննության ընթացքը: «Այսօր կատարվեց փորձաքննության մի մասը և մենք ներկա գտնվեցինք այդ փորձաքննությանը, սակայն, ըստ էության, այդ ընթացքը հրապարակման ենթակա չէ»,- նշեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ կար այս փորձաքննության անհրաժեշտությունը: «Դատավարության ժամանակ լուրջ կասկածներ առաջացրեց  Պերմյակովի պահվածքը, և, բացի այդ, երբ մենք ծանոթացանք համալիր փորձաքննության եզրակացությանը, որը տրվել էր ռուսական կողմից, այն առավել ևս հիմնավորեց, որ մենք պետք է միջնորդություն  ներկայացնենք, քանի որ նույնիսկ  այդ փորձաքննությունների բովանդակային մասում կային տվյալներ, որ Պերմյակովն ունի որոշակի խնդիրներ»,- նշեց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ իրենք այս փորձաքննության ընթացքում ձեռք են բերել որոշակի տվյալներ, որոնք էական են: «Անշուշտ, ձեռք բերեցինք տվյալներ, որոնք շատ էական էին մեզ համար՝ որոշակի միջնորդություններ ներկայացնելու, նաև` հետագայում դատավարության ընթացքում տրվելիք որոշակի հարցերի առումով: Ինչ մնում է Պերմյակովի այսօրվա պահվածքին՝ այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ  Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ` իրենք ծանոթացել են միայն փորձաքննության մի մասի թարգմանությանը: «Ծանոթացել ենք փորձաքննությունների մի մասի թարգմանություններին, մնացած նյութերը դեռևս մեզ հասանելի չեն: Եզրակացությունների շրջանակում է, որ այս միջնորդությունը ներկայացվել է: Կան նոր տվյալներ, որոնք հետագա գործողությունների տեղիք են տալիս, և հենց հիմնական անելիքն այս նոր համալիր փորձաքննությունն էր: Սրա արդյունքերն ամփոփելուց հետո նոր կամփոփենք ամբողջ իրողությունը: Այսօր մեզ համար բավական էական հանգամանքեր կային, որոնք  մինչ այս պահն այլ կերպ էին ընկալվում, իսկ այսօր մեզ նոր վարկածների կամ նոր տեսակետների տեղիք տվեցին, բայց ամբողջը կամփոփենք հետագայում՝ եզրակացությունը վերջնական տեսքով ունենալուց և նյութերն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ամբողջ թարգմանությունը կստանան նախաքննության ավարտից հետո միայն:

Նա խոսեց Պերմյակովի նախաքննական ցուցմունքերի և Ավետիսյանների սպանության գործով իրենց ունեցած տվյալների հակասությունների մասին: «Կան որոշակի հակասություններ, կան նաև շատ համընկնումներ, բայց որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտանք, ճիշտ կլինի ամբողջությամբ ուսումնասիրենք, կետ առ կետ համեմատենք նրա ցուցմունքը՝ դեպքի վայրի զննության, փորձաքննության արդյունքերի և մյուս տվյալների հետ: Այս համադրության արդյունքում  նոր կկարողանանք պատկերացում կազմել և ասել, թե որքանով են նրա ցուցմունքներն արժանահավատ: Այստեղ նաև շատ կարևոր է այս փորձաքննության եզրակացությունը, քանի որ կունենանք իր վարքագծի և այլ հատկանիշների վերաբերյալ կանխատեսումներ առ այն, թե ինչքանով նա կկարողանա ճիշտ ցուցմունքեր տալ, կամ հակվա՞ծ է ճիշտ ցուցմունքեր տալու, թե` ոչ»,- ավելացրեց  Երեմ Սարգսյանը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդկայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում: Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի «226 հոդվածի 3-րդ կետի «գե ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասցրել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am