ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը կներկայացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու շուրջ իր եզրակացությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Մենք մեկ-երկու օրից կսկսենք ներկայացված հայտի ուսումնասիրությունը, և այն կտևի մեկ շաբաթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Լրագրողների հարցին՝ մտավախություն չկա՞, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում, և հնարավոր է ՀԷՑ-ի հետ կատարվի այն, ինչ եղավ «Նաիրիտ»-ի հետ, Զախարյանն ասաց, որ չի կարծում, որ այս դեպքում այդպես կլինի:
Միաժամանակ, նախարարը նշեց, որ ՀէՑ-ի վաճառքից հետո էլ այնտեղ աուդիտը կշարունակվի:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու (այսուհետև՝ գործարք) մտադրության մասին: Կառավարության որոշմամբ հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի, ֆինանսների և արդարադատության նախարարներին ուսումնասիրել հայտը, օտարման պայմանագիրը և տալ համապատասխան եզրակացություն: