Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան ևս մեկ մեծ հաղթանակ էր հայկական երկրորդ հանրապետության հողի վրա

«Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան ևս մեկ մեծ հաղթանակ էր հայկական երկրորդ 
հանրապետության հողի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան ևս մեկ մեծ հաղթանակ էր հայկական երկրորդ հանրապետության հողի վրա: Արցախից «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հեղինակ Սարինե Ավթանդիլյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին երեկոյան անցկացված իրադարձությունը մեծ հաջողությամբ է անցել:

«Այդ հսկա նախագիծը մեկ շնչով անցավ: Ժողովուրդը և մասնակիցները սպասում էին այդ իրադարձությանը, պատասխանատվությունը շատ մեծ էր: Տարբեր երկրներից ժամանած հյուրեր կային, ուրախալի է, որ ամեն ինչ շատ լավ անցավ: Վերդիի «Ռեքվիեմ»-ն Արցախում հնչեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Հայրենասիրական ոգին, որը Վերդիի «Ռեքվիեմի» մեջ է, փոխանցվեց բոլորիս: Շատ հպարտ եմ, որ կարողացանք այդ մեծ կազմով լիարժեքորեն իրականացնել այս նախագիծը: Եղանակը նույնպես նպաստեց, որ միջոցառումը լավ անցնի: Շատ մեծ հաղթանակ էր, որ բնությունը ևս մեզ հետ էր: Շատ ոգևորված էին թե’ մասնակիցները, թե’ հանդիսատեսը, երջանիկ էին, որ նման մեծ իրադարձության մասնակից դարձան»,-նշեց Սարինե Ավթանդիլյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Արմեն Ամիրյանը, ով անդրադարձել է իրադարձության կարևորությանը: Այնուհետև խոսք է տրվել նախագծի գեղարվեստական ղեկավար, ճանաչված երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ով ներկայացրել է մասնակիցներին, մենակատարներին:

Միջոցառմանը հանդես են եկել Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա):  Իրադարձությանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած»  (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը:

Իրադարձությունը կազմակերպվել էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության   հարցերի նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա են եղել երկու հայկական պետությունների` Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ, հյուրեր այլ երկրներից: Որպես դիրիժոր հանդես է եկել Անատոլի Լևինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am