Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Վերականգնվող էներգիայի ներդրումը որպես արտագաղթի դեմ պայքարի միջոց. Շիրակի մարզի Բասեն համայնքն օրինակ է ծառայում


ԳՅՈՒՄՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UNDP կազմակերպության Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, համայնքի ակտիվ համագործակցությամբ, Շիրակի մարզի Բասեն համայնքը վերածվեց այլընտրանքային էներգիան լայնորեն օգտագործող համայնքի: «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2 տարի առաջ մեկնարկած ծրագրի արդյունքում համայնքի մանկապարտեզին կից տեղադրվել է արեգակնային էներգիայով աշխատող՝ 16 կվտ/ժ հզորությամբ, 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ, որը մանկապարտեզին ապահովում է մշտական տաք ջրով: Բացի այդ, հիմնադրվել է նաև 60 քառակուսի մետր մակերեսով ջերմատուն, որի բարքիներից օգտվում են համայնքի փոքրիկները:

Սակայն ծրագիրը սրանով չի եզրափակվում. բասենցիների և անձամբ համայնքի ղեկավարի ակտիվ համագործակցության ու ծրագրին աջակցելու շնորհիվ, համայնքում այսօր արդեն գործածվում է 6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կալիֆորնիական որդերով կենսահումուսի արտադրամաս-մինի ֆերմա, որտեղ արտադրվող կենսահումուսն օգտագործվում է ջերմոցում: Բացի այդ, համայնքում տեղադրվել է նաև օդատաքացուցիչ ու  չորանոց, և այս ամենն այլընտրանքային՝ արեգականային էներգիայով աշխատող:

Օգոստոսի 11-ին համայնքում կատարված ողջ աշխատանքը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին, ծրագրի դոնորներին և համայնքի հյուրերին ներկայացրեց ծրագրի ղեկավար Գևորգ Պետրոսյանը, ով ծրագրի արդյունավետության ապացույցն համարում է ոչ միայն այն, որ այսօր տեղադրված ջերմատաքացուցիչների, ջերմոցի ու չորանոցի շնորհիվ թեթևացել է համայնքի հոգսը, այլ նաև այն, որ համայնքի 12 բնակիչ արդեն իրենք են տեղադրել ջերմատաքացուցիչներ: Ավելին, նմանատիպ ավելի մեծ չափերի հասնող սեփական ջերմոց ստեղծել է նաև համայնքի ղեկավարը: Ի դեպ, ժամանակի ընթացքում, ծրագրին տարբեր հարցերով միացել և համայնքին աջակցել են «Երրորդ բնություն», «Ֆերթի» հասարակական կազմակերպությունները: Ծրագրի ընդհանուր արժեքը 33 հազար 900 դոլար է:

«Բավական լուրջ արդյունքների ենք հասել:  Նախ կարողացանք այն կարծրատիպը, կոտրել, որ Շիրակի մարզում ջերմոց դնելն անարդյունավետ է: Կարողացանք ապացուցել, որ ներդրումների դեպքում և աշխատանքի շնորհիվ ամեն ինչ հնարավոր է: Մենք արդեն ունենք այլընտրանքային էներգիայի նոր աղբյուր՝ ջերմային պոմպը, որը չորս անգամ ավելի էներգիա է տալիս: Համայնքում ունենք նաև օդատաքացուցիչներ մանկապարտեզի համար, որոնց շնորհիվ չրեր ենք պատրաստում՝ և՛ մատչելի է, և՛ օգտակար: Միայն այս փոքր ջերմոցից ստացել ենք 440 կգ պոմիդոր և վարունգ, բացի այդ, ունեցել ենք էներգիայի խնայողություն՝ անցած տարի խնայել ենք 500 հազար դրամի չափով էներգիա միայն մանկապարտեզի արեգակնային ջրատաքացուցիչի շնորհիվ, իսկ դրա օգտավետությունը տեսնելով, համայնքում, 12 ընտանիք արդեն տեղադրել է սեփական ջրատաքացուցիչը»,- նշեց համայնքի ղեկավարը՝  ավելացնելով, որ մոտավոր հաշվարկներով այս համակարգի շնորհիվ  ավելի քան 40 տոկոս տնտեսում է գրանցվում: Բացի այդ, այն  ավելի ապահով է:

Ծրագրի ղեկավարը նաև դրա հաջողությունը կապեց համայնքի ներդրման հետ:

«Այս համակարգի միակ բացասական կողմն այն է, որ սկզբնական  պահանջում է բավական մեծ գումար՝ համակարգը տեղադրելու համար, բայց շահագործման ավելի ապահով, ավելի արդյունավետ տարբերակ է, հատկապես Բասենի նման գյուղական համայնքում, որը գազաֆիկացված չէ և հույսը միայն էլեկտրականության վրա է: Համայնքի ներդրումը շատ կարևոր է: Եթե յուրաքանչյուրս մեր տան մեջ չփորձենք վերականգնել կամ նորոգել, ապա հարևանը  չի անի: Այստեղ համայնքի դերը շատ կարևոր է: Համայնքի բնակիչն էլ տեսնում է և չի ցանկանում լքել հայրենի գյուղը: Այսօր համայնքում, ի տարբերություն շատ վայրերի, արտագաղթ գրեթե չկա, երիտասարդները մնում են ու ընտանքի են կազմում գյուղում: 4 տարվա ընթացքում միայն 1 ընտանք է մեկնել: Ցանկացած տեղ աշխատելով պետք է ապրել. գյուղում կա հնարավորոթյուն, գյուղացին պետք է զբաղվի հողով, գյուղը կառուցվում է գյուղով ու գյուղի մարդով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ գյուղն ունի 463 ծուխ՝ 1780 բնակիչ: Գյուղը գազաֆիկացված չէ, հողերն էլ անջրդի, սակայն անմշակ հողեր Բասենում չկան: 

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ