Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր Սահմանադրությամբ նախագահը ձերբազատված կլինի քաղաքական պարտավորություններից

Նոր Սահմանադրությամբ նախագահը ձերբազատված կլինի քաղաքական 
պարտավորություններից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում հանրապետության նախագահը կառավարման գործընթացների մեջ ներգրավվածություն չունի: Այս մասին նշեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացնելով Սահմանադրության նախագծի 5-րդ գլուխը, որը վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթներին ու կարգավիճակին, և 123 հոդվածի 1-ին կետը` համաձայն որի` հանրապետության նախագահը պետության գլուխն է ու մարմնավորում է ազգային միասնությունը` Պողոսյանն ասաց, որ հանրապետության նախագահը Սահմանադրության կանոնների պահպանման երաշխավորն է, իսկ Սահմանադրությունը վերկուսակցական փաստաթուղթ է:

«Սահմանադրությունը բոլորի համար է: Եթե նախագահի պարտականությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ուրեմն նա պետք է լինի անաչառ, պետք է լինի չեզոք և, եթե նա իրականացնում է այդ ամենը, ապա նպաստում է հասարակության ինտեգրմանը: Նա իրավունք չունի կողմնապահ լինել, նա իրավունք չունի իր դիրքորոշումների ժամանակ ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ այս կամ այն կուսակցությանը: Խորհրդարանական համակարգում նախագահական ինստիտուտի առավելությունը հենց այն է, որ նա ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից, նպաստում է, որ տվյալ պետությունում լինի միասնականություն և հիմնական արժեքների շուրջ լինի կոնսենսուս: Մնացած հարցերի վերաբերյալ թող կուսակցությունները վիճեն խորհրդարանում: Բայց հանրապետության նախագահի խնդիրը մնայուն ու հիմնարար արժեքների պահպանմանը հետևելն է», -ասաց Պողոսյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին ևնրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձընախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am