Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կրթության կառավարման առաջին 11 մասնագետները Հայաստանում շուկա մտան մեծ պահանջարկով

Կրթության կառավարման առաջին 11 մասնագետները Հայաստանում շուկա մտան մեծ 
պահանջարկով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության 11 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը «Արմենպրես»-ի հետ զրույցում Կրթության կառավարման ամբիոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը նշեց, որ մագիստրոսական ծրագիրը ձևավորվել է 2013-ին՝ հաշվի առնելով պահանջարկը, որն այժմ առկա է բարձրագույն կրթական համակարգում: «Ծրագիրն իրականացվում է եվրոպական ու տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ: Նպատակը մեկն է՝ պատրաստել մասնագետներ, որոնք ոչ միայն իրենց գիտելիքներով, այլև կարողություններով կնպաստեն ոլորտում իրակացվող բարեփոխումներին: Կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստում, իհարկե, նաև կարևորում եմ ուսանողների փոխանակման ծրագրերը: Մենք նրանց հնարավորություն տվեցինք մեկնել Լոնդոնի համալսարաններ, ծանոթանալ այնտեղի նույնատիպ կրթական ծրագրերին, ծանոթանալ ժամանակակից մոտեցումներին ու դրանց կիրառմանը»,-ասաց Ռիտա Գևորգյանը:

Ինչ վերաբերում է աշխատանքային հնարավորություններին, ապա ամբիոնի ղեկավարի խոսքով՝ դա բուհի հիմնական խնդիրներից է: «Մենք մտածում ենք ծրագրի կայունության մասին, ու բուհի ղեկավարությունը հատկապես կարևորում է մեր շրջանավարտների հնարավոր աշխատանքային խնդիրների լուծումը և մտահոգված է նրանց հետագա առաջընթացով: Կարող եմ նշել, որ մեր բոլոր շրջանավարտներն աշխատում են, մեծամասնությունն իրենց մասնագիտությամբ»,-հայտնեց ամբիոնի վարիչը: Նրա խոսով՝ իրենց ուսանողների մոտ փորձել են ձևավորել բազմագործառութային ունակություններ, որով էլ նրանց առավել մրցունակ են դարձրել: «Պրակտիկաների ընթացքում ուշադրություն ենք դարձնում ոչ միայն տեսական գիտելիքներին, այլև նրանց պրակտիկ կիրառմանը: Պրակտիկաները կազմակերպվել են կրթության ոլորտի, որակի ստուգման տարբեր վարչություններում, կրթության և գիտության նախարարությունում: Ուսանողները քաջատեղյակ են այն բոլոր խնդիրներին, որոնք ներկայում առկա են մեր կրթական ոլորտում»,-շեշտեց Ռիտա Գևորգյանը:

Աստղիկ Պետրոսյանը, ով նշյալ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներից է, որոշեց ընտրել այս մասնագիտացումը՝ հաշվի առնելով նմանատիպ մասնագետների պահանջարկը: «Հայաստանում տվյալ մասնագիտությունը չկար, իսկ պահանջարկը կար, կարծում եմ՝ լավ ծրագիր է»,-հայտնեց նա: Համակուրսեցիների ճնշող մեծամասնությունն արդեն աշխատանք ունի և բոլորն էլ աշխատում են մասնագիտությամբ, ինչը շատ կարևոր է իրենց համար: «Մենք սովորում ենք ինչպես կառավարել կրթական գործընթացները բարձրագույն կրթական հաստատություններում՝ այն առավել արդյունավետ դարձնելու համար: Ներկայում յուրաքանչյուրս մեր աշխատավայրում փորձում ենք դա ի կատար ածել»,-ասաց ուսանողուհին՝ հավելելով, որ ցանկանում է ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում: «Հիմնականում մեզ դասավանդել են հրավիրված դասախոսներ, ամբիոնի վարիչներ: Փոխանակման ծրագրեր են եղել, լավագույն երկուսին ուղարկել են Անգլիա, հինգին էլ Վրաստան երկշաբաթյա պրակտիկայի, այնտեղ տարբեր վարչություններում մեր թեզերի հետ կապված պրակտիկաներ ենք անցել»,-տեղեկացրեց Աստղիկ Պետրոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am