Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Որբանոցը քանդելու դեմ պայքարող նախաձեռնությունը ներկայացրել է հստակ պահանջ

Որբանոցը քանդելու դեմ պայքարող նախաձեռնությունը ներկայացրել է հստակ 
պահանջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի քանդման դեմ պայքարող նախաձեռնության անդամները հայտարարել են, որ պահանջում են ճամբարն առանց նախապայմանների վերադարձնել հայկական համայնքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

«Փորձ արվեց 1915 թվականի Ցեղասպանությունը Հրանտի, Սևակի, Մարիցայի հետ պատահածի նման շարունակել «Արմեն ճամբար»-ում: Մեր ժողովրդի կամքով այս հարձակումը դադարեցվեց: Այստեղ մեր գոյությունը չի սահմանափակվում միայն մի շինություն պահպանելով: Մենք կրկին հիմնելու ենք Հրանտից մեզ ժառանգություն թողնված համատեղ կյանքի և համագործակցության մշակույթը, այս ճամբարում ենք ցանելու նոր կյանքի սերմերը»,- նշվում է նախաձեռնության անդամների հայտարարության մեջ, ովքեր արդեն 12-րդ օրն է, ինչ շարունակում են դիմադրությունը` գիշերելով որբանոցի տարածքում:

Նախաձեռնության հեղինակները փաստել են, որ թույլ չեն տալու խնդիրը նախընտրական պայքարի հարց դարձնել: «Մեր պահանջը հստակ է և պարզ: «Արմեն ճամբարն» առանց նախապայմանների և անհապաղ, սեփականության բոլոր իրավունքներով հանդերձ պետք է վերադարձվի հայկական համայնքին: Կեցցե ժողովուրդների պայքարը: Թույլ չենք տալու քանդել «Արմեն ճամբարը»,- ասվում է հայտարարության ամփոփիչ մասում:

Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011 թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում կարողացել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել է իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն կա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am