Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՍԴՀԿ-ն ցանկանում է ստանձնել աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության գործառույթը

ՍԴՀԿ-ն ցանկանում է ստանձնել աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության գործառույթը
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն Աշխատանքի օրը հայտարարում է, որ ցանկանում է ստանձնել արհեստակցական միությունների գործառույթները` պաշտպանելու աշխատողների խախտված իրավունքները: Մայիսի մեկին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ համատեղ հանրահավաքի ժամանակ ՍԴՀԿ Հայաստանի կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց, որ պարտավորվում են հետևողական աշխատանքի միջոցով պաշտպանել աշխատավոր մարդու, երիտասարդի, թոշակառուի, գործազուրկի, գիտնականի, զինվորի և, վերջապես, սովորական քաղաքացու իրավունքները: «Աշխարհի յուրաքաչյուր երկրում բանվորի, աշխատավորի, ուսանողի կողքին կանգնած են արհեստակացական միությունները: Բացի եզակի բացառություններից, Հայաստանում արհեստակցական միությունները դարձել են օլիգարխիայի կցորդը: Հաշվի առնելով դա` մենք ստանձնում ենք մեզ վրա արհեստակցական միությունների գործառույթները: Այսուհետ մեր բոլոր գրասենյակները դառնալու են աշխատող շտաբներ, որտեղ մարդիկ, ում իրավունքները խախտել են գործատուները, կարող են գալ ու ներկայացնել իրենց բողոքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով` ձևավորված շտաբներում աշխատելու են իրավաբաններ, ովքեր անհրաժեշտության դեպքում դատական հայցեր են ներկայացնելու այն գործատուների դեմ, ովքեր խախտել են իրենց աշխատողների իրավունքները` աշխատավարձը չվճարելով, արձակուրդ չտրամադրելով, 8 ժամից ավելի աշխատաժամ սահմանելով: «Մենք հաջորդող ամիսներին քրտանաջան աշխատելու ենք, ու մեր հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերին, որի ժամանակ էլ կներկայցնենք աշխատանքի արդյունքները»,-ավելացրեց Նարեկ Գալստյանը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ միայն այն քաղաքական կուսակցություններն են ունակ դրական փոփոխություններ մտցնել քաղաքական դաշտում, որոնք գաղափարապես են միավորվում: «Նրանք, ովքեր եկել էին ու փրկչի դերում էին հանդես գալիս`ասելով, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 17-ին, հեղափոխություն կանենք, դուք կարթնանաք նոր երկրում, ստում էին: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պայքարի շնորհիվ պետք է գնանք դեպի նոր Հայաստան: Մեր կուսակցությունը նոր ծրագրի վրա է աշխատում, մենք դա անում ենք նաև Մտավորականների խորհրդի հետ միասին»,-հայտնեց Արամ Սարգսյանը: ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն էլ իր խոսքն ուղղեց սփյուռքահայերին` կոչ անելով նրանց գալ ու ապրել Հայաստանում: «Հայաստանը խոսքերով սիրելու երկիր չէ, Հայաստանը պետք է զգաք, Հայաստանը պետք է լինի ձեր սրտերում, դրա համար ես առաջարկում եմ բոլոր սփյուռքահայերին գալ Հայաստան, աշխատատեղեր ստեղծել, գործ անել այստեղ, չվախենալ ոչ մի բանից»,-նշեց Վազգեն Մեսրոպյանը: Նա շեշտեց, որ իրենք չեն տալիս այնպիսի խոստումներ, որոնք ի վիճակի չեն իրագործել, այլ հակառակը տեր են իրենց տված խոստումներին: ՍԴՀԿ-ն հայկական ավանդական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1887 թվականին Ժնևում` արևելահայ մի խումբ ուսանողների կողմից, և զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել է հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական Ալեքսանդր Գերցենի գաղափարների։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am