Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Բյուրական» արվեստի ակադեմիայում փառատոնային կառավարման եռօրյա դասընթաց կանցկացվի


ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ ապրիլի 11-13-ը կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա դասընթաց՝ «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» փառատոնից, միջոցառումը տեղի կունենա նորաբաց «Բյուրական» արվեստի ակադեմիայում: 

Դասախոսությունների նպատակն է մասնակիցներին ներկայացնել փառատոնների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում: Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոնների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կփոխանցեն իրենց աշխատանքային հմտությունները և միջազգային փորձը:

Դասընթացների խոսնակներն են Ֆլանդրիայի մշակույթի նախարարի խորհրդական, «A Soul for Europe» նախաձեռնության խորհրդի անդամ, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոների երիտասարդ կառավարիչներ» դպրոցի գլխավոր համակարգող, Բրյուսելի «Kaaitheater»-ի հիմնադիր, «Բրյուգե՝ Եվրոպայի մշակութային քաղաք 2002» ծրագրի գլխավոր մենեջեր, «Ֆլանդերս» փառատոնի գեղարվեստական խորհրդատու Հուգո Դե Գրիֆը (Բելգիա), «Բեռլին՝ Եվրոպայի մշակութային քաղաք 1988» ծրագրի ղեկավար, «Հեբել» թատրոնի հիմնադիր, DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) արվեստագետների համար բեռլինյան ծրագրի տնօրեն, Բեռլինի Ազատ համալսարանի հոգաբարձուների խորհրդի և «Ալբերտ Էյնշտեյն հիմնադրամի խորհրդի անդամ Նելե Հերթլինգը (Գերմանիա), hոլանդացի բանաստեղծ, Ամստերդամի և Թիլբուրգի համալսարանների պրոֆեսոր, մուլտիկուլտուրալիզմին նվիրված «Ներգաղթող ազգեր» հեղինակավոր աշխատության հեղինակ Փաուլ Շեֆերը (Հոլանդիա)  և Բուդապեշտի աստղադիտարանի տնօրեն, մի շարք միջազգային կոնֆերանսների խոսնակ, Եվրամիության և Եվրոպայի խորհրդարանի մշակութային քաղաքականության ծրագրերի խորհրդատու, Բուդապետշտի գրքի փառատոնի հիմնադիր-նախագահ Փեթեր Ինկեին (Հունգարիա): 

«Փառատոնային ընթերցումներ»-ի թիրախային խումբը ներառում է փառատոնների, թատրոնների, համերգասրահների և այլ մշակութային օջախների աշխատակիցների,
արվեստի և մշակույթի կառավարման ոլորտի ուսանողների, պետական մշակութային հաստատությունների աշխատակիցների և այլ հետաքրքրված անձանց։

Դասընթացներին մասնակցությունն անվճար է` պետական աջակցության շնոհիվ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ