Վարշավայում մատուցվել է Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Ցեղասպանության նահատակների
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայի «Պատմության հետ հանդիպման տանը» մարտի 14-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի ազգային հանձնաժողովի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Լեհաստանի ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեհաստանի հայ համայնքի, լեհական կրթամշակութային և հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Բացման խոսքով մասնակիցներին ողջունել են դեսպան Ղազարյանը, Յան Աբգարովիչը և Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին՝ ներկայացնելով կազմակերպվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:
Միջոցառումը մեկնարկել է «Հայեր 2015. Եղեռնի մոխիրներից վեր հառնող ժողովուրդ» խորագրով շնորհանդեսով, որը ներկայացրել է Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը: Այնուհետև տեղի է ունեցել «Ռաֆայել Լեմկին. «Ցեղասպանություն» տերմինի ստեղծողը» թեմայով Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Անդժեյ Զիենբայի դասախոսությունը: Դասախոսությամբ է հանդես եկել նաև պրոֆեսոր Յուսեֆ Նաումովիչը: Դասախոսությունը վերնագրված է եղել «Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարերն աշխարհում» և ներկայացրել է աշխարհի տարբեր վայրերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ կանգնեցված հուշարձաններն ու խաչքարերը:
Մարտի 15-ին Վարշավայի «Սուրբ Հոգի» եկեղեցում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան հայ կաթոլիկների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի հանդիսապետությամբ և Լեհաստանի հայ կաթոլիկների առաջնորդ Կազիմեժ Կարդինալ Նիչի քարոզով մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:
Պատարագին ներկա են եղել դեսպան Ղազարյանը, Լեհաստանի Սենատի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Լեհաստանի ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, Լեհաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Կազիմեժ Կարդինալ Նիչն իր խոսքում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` նշելով, որ այդ ողբերգությունից 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել մեղքը և կարգավորել այդ հանցագործությունը: Կարդինալի խոսքերով` Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում, որ հետագայում ոգեշնչեց Ադոլֆ Հիտլերին` պլանավորելու և իրականացնելու հրեաների բնաջնջման զարհուրելի ծրագիրը:
Պատարագը լայնորեն լուսաբանվել է լեհական մի շարք լրատվամիջոցներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում