Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում

Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Голос» նախագծի մասնակիցը բարձրարվեստ կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի իր երկրպագուներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը տեղեկացրեց, որ Մերաբովան ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում: Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Համերգների կազմակերպմանը մասնակցում են նաև «Yerevan event»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունը:

«Բարձրակարգ ջազային երաժշտություն լսող հանդիսատեսը կդիտի շատ հագեցած և հետաքրքիր համերգային շոու: Կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Մարիամը համերգի հանդիսատեսի համար պատրաստել է անակնկալ՝ նրա համերգային ծրագրում առաջին անգամ կհնչեն հայերեն երգեր»,-տեղեկացրեց Էմիլ Կարատը:

Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական կառույցների աշակերտներն ու ուսանողները:

 «Երևանում իմ ամեն մի համերգի ես սպասում եմ անհասկանալի հուզմունքով: Լեգենդար բեմին կանգնելն իսկական երջանկություն է, մի դահլիիճում, որտեղ անցել է իմ մանկությունը: Հայաստանի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ իրադարձություն է իմ և ամուսնուս՝ Արմեն Մերաբովի համար: Իմ մանկության քաղաքում լինելն ինձ ոչ միայն ուղղակի վերադարձնում է իմ կյանքի սկիզբ, այլև իմ ժողովրդի արմատներին: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը»,-համերգների մասին ասում է Մարիամ Մերաբովան: Երգչուհին արդեն հանդես է եկել Հայաստանում՝ Երևանյան երաժշտական շաբաթի շրջանակում 2013 թվականին, և հասցրել է «Արմենպրես»-ին հարցազրույց տալ:

Ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվան դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am